2017 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը նվազել են 3%-ով
2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 85 մլրդ 680 մլն դրամ, ինչը կազմում է ՀՆԱ-ի 1,6%-ը: Այս մասին Ազգային ժողովում 2017թ թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքերով՝ առողջապահության ոլորտի ծախսերը 2016 թ-ի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել է 2,668.9 մլն դրամով կամ 3%-ով:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նվազումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև սակագների փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում և, բնականաբար, ազդել են ծրագրային ցուցանիշների վրա:
Ըստ նրա՝ «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբի գծով հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 5,142.7 մլն դրամ 2016 թ. 5,605.5 մլն դրամի դիմաց կամ 462.8 մլն դրամով պակաս: Նվազեցման 75.6 տոկոսը պայմանավորված է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ» ծրագրի գծով ծախսերի նվազմամբ:
«Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրով էլ կհատկացվի 1,765.3 մլն դրամ՝ 2016 թ.1,867.6 մլն դրամի դիմաց:
Ատոմ Ջաջուղազյանը հայտնեց, որ 2017 թվականին հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում նախատեսվում է տասնյոթ ծրագրերի իրականացում: Որոնցից են՝ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրը՝ 6,188.9 մլն դրամ՝ 2016 թ. 6,205.6 մլն դրամի դիմաց:
Ինչ վերաբերում է «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին, ապա 2017 թվականին նախատեսվում է հատկացնել 1,848.6 մլն դրամ` 2016 թ. 1 մլրդ 910 մլն դրամի դիմաց:
«Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով էլ կհատկացվի 2,195.3 մլն դրամ՝ 2016 թ. 2,201.2 մլն դրամի դիմաց:
«Սա այն է, ինչ հնարավոր է եղել նախատեսել՝ հաշվի առնելով մնացած սահմանափակումները և այլ բնագավառներում միջոցների հատկացման անհրաժեշտությունը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան