«Կտրուկ շրջադարձ». Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու Ռուբեն Հախվերդյանը հանդես կգան համատեղ համերգով
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը. նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան: Համերգին կմասնակցի ՀՀ վաստակավոր արտիստ, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, «Կտրուկ շրջադարձ» խորագիրը կրող համերգի ընթացքում կհնչեն Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք կամերային նվագախմբի և տարբեր կամերային անսամբլների համար գործիքավորել և մշակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երեկոյի ընթացքում Ռուբեն Հախվերդյանը կներկայացնի իր «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայիր» և այլ ստեղծագործություններ: