Վարչապետ. «Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»
«Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է»,- այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն է եղել քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
«Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը և որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»,-ասել է վարչապետը:
Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը, փորձեն հասնել նրանց: «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան