Գրողների միությունում նշվեց արձակագիր Ալիս Հովհաննիսյանի 70-ամյակը
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը չի սիրում մեծարման, հոբելյանական հանդիսություններ, սակայն այս անգամ բացառություն է՝ միայն մեկ պատճառով:
«Մտածեցի՝ ոչ երգչուհի եմ, ոչ դերասանուհի: Գոնե այս ձևով մարդիկ լսեն գնահատանքներն ու ճանաչեն»,- իր 70-ամյակին նվիրված ցերեկույթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արձակագիրը:
Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործական գործունեությունն ընդհատումներով է եղել:
«Սկսել եմ «Գարուն» ամսագրից: Մինչև առաջին անգամ տպվելը, մեծ ապրումների մեջ էի: Մի շրջան զբավում էի գրականագիտությամբ: Երբ ծնվեցին երեխաներս, ընդհատվեց գրական գործունեությունս: Հիմա արդեն 9 գրքի հեղինակ եմ»,- ստեղծագործական գործունեությունը հակիրճ ներկայացրեց տիկին Ալիսը:
Արձակագիրը հիշեց, որ մեծ հուզմունքով էր սպասում իր առաջին գրքերին. «Ինձ թվում էր, որ հենց տպվի առաջին գիրքս, փողոցով անցնելիս բոլորն ասելու են՝ Ալիս Հովհաննիսյանն է անցնում: Հիմա 9 գրքի հեղինակ եմ, բայց այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ մարդիկ չեն ընթերցում, գրողին դեմքով չեն ճանաչում»:
Այժմ Ալիս Հովհաննիսյանը ուսումնասիրում է Րաֆֆու գործունեությունը. «Հիմա ամեն ինչ մի կողմ եմ դրել, չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ սկսեցի հետաքրքրվել, զբաղել Րաֆֆիով: Շատ խորքային է Րաֆֆին: Րաֆֆիագիտություն գոյություն ունի, բայց դեռ շատ քիչ է ուսումնասիրված: Կարծես մատս դնում եմ մի կետի վրա, որ դեռ ուսումնասիրված չէ: Իմ կարծիքով, դեռ նոր պետք է արթնանա րաֆֆիագիտությունը, քանի որ մեծ հանճարի հետ գործ ունենք»:
Րաֆֆուն նվիրված ուսումնասիրությունների հոդվածաշարերը տպագրվում են «Գրական թերթ»-ում:
Գրողների միությունում կայացած հոբելյանական միջոցառման ընթացքում Ա.Հովհաննիսյանի գրչակից ընկերները խոսելով նրա մասին՝ նույն կարծիքն էին հայտնում՝ այսօրվա գրականության լավագույն, ինքնատիպ դեմքերից է:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի ներկայացմամբ՝ Ալիս Հովհաննիսյանի հետաքրքրությունները բազմակողմանի են:
«Ինքը էքսկուրսներ է կատարում դեպի պատմության խորքերը, դեպի ապագա: Անցյալ, ներկա, ապագա՝ այս կապը ներսից զգացող մեր ստեղծագործող գրողներից է, որը հետաքրքիր արդյունքների է հանգեցնում»,- նշեց գրականագետը:
Նրա խոսքով՝ Ալիս Հովհաննիսյանը հասարակական, քաղաքացիական ջիղ ունի, Հրանտ Մաթևոսյանի ասած՝ երկրի, ազգի ջիղ կա Ալիսի մեջ, ինչը գրականության կարևոր պայմաններից մեկն է: Պ. Դեմիրճյանը կարևորեց, որ այսօր էլ նա եռանդով շարունակում է աշխատել, Գրողների միության արձակի բաժանմունքի վարիչն է, կազմակերպում է արձակի քննարկումներ:
Նա համոզված է, որ Ալիս Հովհաննիսյանի գրքերը կարդալով, նույնիսկ եթե գրքին գրված չլինի հեղինակի անունը, կարելի է անմիջապես ճանաչել, ինչպես Հրանտ Մաթևոսյանին, Աղասի Այվազյանին, Նորայր Ադալյանին, Ռուբեն Հովսեփյանին:
«Եթե գրողն ունի ինքնատիպ մտածողություն, նրան երբեք չես շփոթի: Իսկապես Ալիսն առանձնանում է»,- ասաց գրականագետ Պ. Դեմիրճյանը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի բնորոշմամբ՝ Ալիս Հովհաննիսյանը հայ արձակի մեջ երևելի դեմքերից է:
«Նրա վերջին տարիների գրքերը խորացված կյանքի և հիշողության մի խաչաձևում են, որոնք և Բուլղարիայի, և Գյումրիի, և Երևանի տարբեր բնակավայրերի, լեզուների, բարբառների հետաքրքիր խառնարարն են, որից հանել է ճակատագրեր, հետաքրքիր մեկնություններ՝ մարդկանց, ագռավների, կատուների: Այս հանրագումարը շատ հետաքրքիր է, հատկապես երբ որ արձակի տիպական լեզվով է ներկայացված»,- նշեց նա՝ կարևորելով այն, որ Ալիս Հովհաննիսյանն իր գրածի նկատմամբ նաև դիտողի կեցվածք ունի:
«Տարբեր հայացքներով դիտելիս՝ կարող ես գնահատել, որ շատ կարևոր դեմք է մեր արձակում»,- ասաց Է. Միլիտոնյանը:
Գրողների միության նախագահը Ալիս Հովհաննիսյանին նվիրեց երկու գրիչ՝ մեկը գրող, մյուսը չգրող. «Երբ որ անհրաժեշտ է, թող գրի, երբ որ անհրաժեշտ չէ, թող չգրի: Թող ընտրի հեղինակը»: