Այս բյուջեն կառավարության ծրագրի հետ միասին ավելի արդյունավետ կլինի. Գագիկ Մակարյան
«Արդեն երրորդ տարին է, որ բյուջեի չափը գրեթե նույնն է մնում, լավ կլիներ, որ մենք ավելի մեծ թվեր տեսնեինք, քանի որ կառավարության ծրագիրը չնայած շատ ակտիվ ծրագիր է, բայց բյուջեն սահմանափակ մակարդակի վրա է մնացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բյուջեում հիմանական ծախսերի ուղղություններն էլ առանձնապես չեն փոխվել. «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախորդ տարվա պես մեկ երրորդն են կազմում՝ մոտ 805 մլն դոլարի չափ:Սա ցույց է տալիս, որ մեր խնդիրները սոցիալական ոլորտում չեն բարելավվել, կամ էլ զուգահեռ անընդհատ նոր խնդիրներ ենք ունենում, դրա համար էլ չենք հասցնում ապահովել այս ոլորտում ծախսերի նվազեցումը: Տնտեսական, առողջապահության ու պաշտպանության ոլորտի ծախսերը նույնն են մնացել գրեթե, կրթությանը, կարծես թե, մի փոքր ավելացել է»:
Անդրադառնալով բյուջեի դեֆիցիտին, Մակարյանն ասաց, որ այն փոքր-ինչ ավելի է՝ 320 մլն դոլար. «Երբ որ նայում ենք, թե այդ դեֆիցիտը ծածկելու աղբյուրները որոնք են, ավելի փոքր մասը ներքին աղբյուրների վրա է դրված, իսկ ավելի մեծ մասը՝ արտաքին աղբյուրներից միջոցներ գնտելու վրա: Շատ կուզեի, որ այդ ներքին աղբյուրները մի փոքր բացվեին՝ օրինակ ստվերի կրճատման հաշվին»:
Ինչ վերաբերում է պետբյուջե-կառավարության նոր ծրագիր համադրությանը, գործատուների միության նախագահը նկատեց. «Եթե այս բյուջեն դնում ենք կառավարության ծրագրի հետ, սա ավելի շատ խնդիր կլուծի, քան նախորդ տարիներին: Այն արդյունավետ կլինի ծրագրի շնորհիվ, այսինքն՝ կառավարության ծրագիրը կհաղորդի արդյունավետություն՝ նույն բյուջեի միջոցով ավելի լավ ազդեցություններ ստանալ: Բյուջեի էֆեկտիվությունը ոչ միայն սահմանափակվում է նրանով, որ կրճատվում են ծախսերն ու ավելորդ պաշտոնները, այլ նրանով, որ սոցիալտնտեսական ոլորտի գործառույթներն են ավելի ակտիվ, որը ողջունելի է: Այս բյուջեն, կառավարության ծրագրի հետ միասին որպես մի փաթեթ, ավելի արդյունավետ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին