Այսօր տուգանում են, բայց երթևեկությունը չեն կանոնակարգում. Էդուարդ Հովհաննիսյան
«Տուգանքներից ստացված գումարները պետք է ծախսվեն ճանապարահին երթևեկության կազմակերպման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Հանրապետության նախագահի հանձնարարականին՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի հետ կապված:
«Նշվում էր, որ ֆինանսական հոսքերը պետք է կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Բայց շատ կարևոր կլիներ, եթե ասվեր, որ ուղղությունով պետք է գնան այդ հոսքերը, ինչի վրա և ինչպես պետք է ծախսվեն»,-նշեց Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ միայն տուգանքների մասին են խոսում՝ ինչպես պետք է ծանուցվի, ինչպես վճարվի, բայց չկա այն կարևոր հարցը, թե երթևեկության ճիշտ կազմակերպման համար ինչքան գումար է անհրաժեշտ, որպեսզի մեր երկրում ունենանք նորմալ կազմակերպված երթևեկություն:
Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Երևանի կենտրոնից դուրս՝ քաղաքի ծայրամասերում և հանրապետության մնացած մարզերում գրեթե կազմակերպված չի երթևեկությունը. «Պետք է ստեղծել մի անկախ կառույց, որը կզբաղվի երթևեկության ճիշտ կազմապերպմամբ: Այսօր տուգանում են, բայց երթևեկությունը չեն կանոնակարգում: Ճանապարհային ոստիկանությունը մինչև հիմա չունի մշակված հայեցակարգ՝ ու՞ր են գնում, ի՞նչ են ուզում անել»:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ իրենց կենտրոնը սկսել է համագործակցել «Հայկական ավտոմոբլիային ակումբ»-ի հետ, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանի վարորդներին 24-ժամյա ճանապարհային ծառայություն է տրամադրվելու:
«Հայկական ավտոմոբլիային ակումբ»-ի տնօրեն Դիանա Ավետյանը տեղեկացրեց, որ ծառայության մեջ ներառված են մեքենայի անսարքության վերացումը, քարշակ ծառայությունը, ինչպես նաև իրավախորհրդատվական ծառայությունը, որը տրամադրելու է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը: Այս ծառայությունները հասանելի են ՀՀ-ում, ԼՂՀ-ում, ինչպես նաև Վրաստանում. «Վարորդները վճարում են ակումբին անդամագրվելու համար և օգտվում ծառայություններից»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան