Կրթական համակարգում շարունակում են հանրապետականացվե՞լ, թե դաշնակցականացվե՞լ. Հարց նախարարին
Այսօր Ազգային ժողովում կրթության ոլորտի բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարձրացրեց իրեն մշտապես մտահոգող դպրոցների ու բուհերի կուսակցականացման հարցը: Նա հայտարարեց, որ հանրակրթական դպրոցների գերակշիռ մասում ուսուցիչներն ու տնօրենները Հանրապետական կուսակցության անդամներ են:
Պատգամավորը մի փոքր հեգնանքով հետաքրքրվեց. «Ի՞նչ փուլում է այս գործընթացը՝ շարունակում են հանրապետականացվե՞լ, թե դաշնակցականացվե՞լ»:
Այնուհետև հավելեց. «Սա մեր բոլորիս ձախողումն է՝ մենք ունենք քաղաքականացված կամ խիստ քաղաքականացված կրթություն և բուհական համակարգ»:
Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերահաստատեց այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, ասաց, որ «կտրուկ դեմ է» այդ երևույթին ու հավելեց. «Ընդհանրապես կրթական համակարգում ներգրավված մարդիկ պարտավոր են ունենալ գաղափարախոսական հենք, պարտավոր են ունենալ կուսակցական կողմնորոշում, եթե պետք է, բայց իրենց գործունեության մեջ, կրթական համակարգում իրենք իրավունք չունեն դա օգտագործել ու զենք դարձնել»:
Մկրտչյանն ասաց, որ պետք է փորձեն նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի կրթական հաստատությունները անկախ լինեն: Նման քայլ արվել է Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում կատարված փոփոխությամբ, որով սահմանվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները իրավունք չունեն լինել բուհերի խորհրդի անդամներ:
«Օրենսդրական հիմքերը ստեղծենք, ապահովենք անկախություն: Բայց ասել, որ արագ կլուծենք խնդիրները՝ շատ դժվար է», -հավելեց պաշտոնյան:
Նկատենք, որ այժմ բուհերի կառավարման խորհուրդների նախագահները հիմնականում պետական բարձր պաշտոնյաներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները