Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում պետական քննություն. Կրթության, գիտության նախարար
Կրթության, հատկապես հանրակրթության և բուհական կրթության ոլորտում էական փոփոխություններ են սպասվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Իսկ փոփոխությունները, նրա փոխանցմամբ, նախանշված են կառավարության գործունեության ծրագրում և սահմանվելու են բուհական կրթության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններով:
Մասնավորապես, Հայաստանում կիրառվելու է ցանցային համալսարանների սկզբունքը, «լուրջ բարեփոխումներ» են իրականացվելու մագիստրանտական կրթության ոլորտում, ինչպես նաև ներդրվելու է կրեդիտային համակարգ:
«Մենք արտասահմանում մեր ուսանողների շարժունակությունն ապահովում ենք, իսկ Հայաստանի ներսում չենք կարողանում միավորել, կենտրոնացնել բազան, չենք կարողանում միավորել մասնագիտությունները ևնկարագրել այդ մասնագիտությունները: Իսկ կրեդիտային համակարգի ներդրումը մեր համալսարանական կրթության ամենամեծ խնդիրն է», նկատեց նախարար Լևոն Մկրտչյանը:
Ներկայացնելով այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը, Մկրտչյանն ասաց, որ պետք է խուսափել բուհերում բյուրոկրատական քաշքշուկներից ու հավելեց. «Օրինակ, ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում պետական քննություն: Երևի թե ժամանակն է, որ Հայաստանում կրեդիտային համակարգի հիման վրա պետական քննությունների պրակտիկայից հրաժարվենք, անցնենք դիպլոմայինների, թեզերի պաշտպանությանը և այս ձևաչափին»:
Ոլորտում կատարվելիք փոփոխությունների սկիզբը կդնեն բուհական կրթության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունները, որոնք նոյեմբերին կներկայացվեն կառավարությանը, այնուհետև շրջանառության մեջ կդրվեն Ազգային ժողովում:
Հանրակրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների շրջանակներում ներդրվելու է էլեկտրոնային ուսուցման ձևաչափը՝ դպրոցների «մեխանիկական օպտիմիզացիայի» փոխարեն:
«Մեր դպրոցական համակարգի բացարձակ մեծամասնությունը աշակերտության փոքր թիվ ունեցող դպրոցներն են, և ես խորին համոզում ունեմ, որ մեխանիկական օպտիմիզացիա այստեղ չի կարելի անել՝ մեծ մասը բարձր լեռներում ճանապարհային պայմաններ չունեն: Իսկ սա ենթադրում է մաբողջությամբ էլեկտրոնային ուսուցման ձևաչափերի ներդրում: Այս իմաստով ունենք վարկային ծրագիր, բացի այդ բանակցում ենք դոնորների հետ, որ նոր որակական մակարդակի բարձրացնենք դպրոցական ցանցը», -նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է միջին մասնագիտական կրթության ոլորտին, ապա պաշտոնյայի խոսքով, այս դաշտում աշխատանքային շուկայով է թելադրվելու կրթությունը:
«Փորձելու ենք արմատապես փոխել այս ոլորտը և այնպես ենք անելու, որ աշխատաշուկան մտնի կրթական համակարգ», -ներկայացրեց Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները