«Մահն արտահերթ է գալիս, մահը չի կարող սպասել». պետպատվերների մասին
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե ինչպես են լուծելու պետպատվերի ոլորտում առկա խնդիրները:
«Ապրիլից արդեն ստանում ենք հազարավոր նամակներ քաղաքացիներից, որոնք պետպատվերը ստացել են, բայց գնում են հիվանդանոցներ և պարզում, որ պետպատվերը վերջացել է ու հետո սկսում են հերթագրել: Մահն արտահերթ է գալիս, մահը չի կարող սպասել, որ պետպատվերի հերթը մի քանի տարի հետո կհասնի: Այս համակարգում ինչպե՞ս եք լուծումը տեսնում: Պետպատվերի համակարգը հեղափոխական լուծում է պահանջում, պետք է ընդունենք՝ չի գործում համակարգը: Խայտառակ վիճակ է, երբ հիվանդին «պաս» են տալիս տարբեր բաժիներով ու փող են աշխատում: Մարդը գլխացավից բողոքում է, բայց նրան մի հատ ուղարկում են ռենտգենի, սոնոգրաֆիայի, մի հատ ուղակում են լողի, չգիտեմ որտեղ, քանի որ բոլորը շղթայով կապված են: Հետո էլ ասում են՝ կգնաս այ էս դեղատնից կառնես դեղը, քանի որ այդ դեղը մենակ տվյալ դեղատնում է, որովհետև գիտենք, որ տվյալ բժիշկը ատկատով աշխատում է տվյալ դեղատան հետ: Երեկ վարչապետն ասում էր՝ շուռ տանք աշխարհը, այս համակարգը պետք է շուռ տրվի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք տեսնում լուծումները», - հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատգամավորին նախ շնորհակալություն հայտնեց՝ բարդ և ծավալուն հարցի համար:
«Բայց եթե թույլ կտաք, սկսեմ լավ լուրից: Հայաստանում կյանքի միջին տևողությունը տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում բարձրագույններից մեկն է: Միգուցե դա մեր ժողովրդի գենետիկան է, բայց դա փաստ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մեր երկրում կյանքի միջին տևողությունը 71.6 է:
Ինչ վերաբերում է պատգամավորի նշած խնդիրներին, նախարարն ընդունեց, որ համակարգում բոլոր այդ խնդիրներն առկա են, դրանք նորություն չեն և դրանց դեմ պայքարում են տարբեր մեթոդներով: «Իհարկե ոչ միշտ է, որ հաջողության ենք հասնում, բայց փորձերը կատարվում են: Հիմա մենք որդեգրել ենք մեկ այլ մոտեցում, ըստ որի՝ թափանցիկությունը պետք է զուգակցվի արդյունավետությամբ»,- ասաց Լևոն Ալթունյանը:
Ըստ նրա՝ նվազեցված բյուջեն բավական է, որ առնվազն երկու անգամ բարելավվեն բուժծառայությունների որակն ու հասանելիությունը:
«Նույն տատիկները, որոնց մասին պատմում եք, գալիս են պոլիկլինիկա և ասում՝ բալիկ ջան, ինձ ռենտգեն արա, և ինչքան մոտենան, այդքան ռենտգեն, սոնոգրաֆիա կանեն մինչև գումարը վերջանա: Մենք պետք է սովորենք ասել՝ ոչ: Եթե այդ ախտանիշների դեպքում համակարգչային տոմոգրաֆիա չի հասնում, ապա տատիկին պետք է մերժել: Չունի պետությունն այդքան գումար, որ կատարի ուղղակի ցանկություններ՝ առանց ցուցումների: Դա նշանակում է, որ այսուհետև մենք ուղղորդվելու ենք բժշկական արձանագրություններով, գումարը հաշվարկվելու է ըստ բնակչության հիվանդացության՝ այդ կերպ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը»,- նշեց Առողջապահության նախարարը:
Նախարարի պատասխանից հետո Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Պարոն նախարար, բնականաբար, ես իմ որևէ հարցի պատասխանը չստացա: Հասկանում եմ՝ բարդ է ասել, թե ինչպես պետք է առողջացնել մի համակարգ, որն ամբողջապես հիվանդ է՝ պետպատվերը, ատկատների մեխանիզմը և այլն: Չե՞ք կարծում, որ ներդնելով այդ համակարգը և ասելով՝ ոչ, կարող է մի հակառակ տենդենց նկատվի: Այսինքն՝ պոլիկլինիկաներին հանձնարարեն, որպեսզի նույնիսկ անհրաժեշտ ախտորոշման համար մերժեն, քանի որ գումարները բավարար չեն: Ես կարծում եմ, որ առողջապահության ոլորտին հատկացված գումարն ավելին պետք է լիներ, քանի որ խնդիրներն իսկապես չեն լուծվում: Դուք տեղյակ եք, թե ինչ է կատարվում հիվանդանոցներում, դեղատներում: Սա մի ամբողջ համալիր է, որը պետք է գլխից 180 աստիճանով շրջել, այլապես մենք որևէ առաջընթաց չենք ունենա: Ամեն դեպքում սպասենք, տեսնենք, թե այս ռեֆորմներն ինչ արդյունք կտան»:
Լևոն Ալթունյանն ասաց, որ գոյություն ունի և ապացուցված է փոքր քայլերի թեորիան, ինչը նշանակում է, որ փոքր քայլերով կարելի է շատ ավելի դրական քայլերի հասնել:
«Մենք որդեգրել ենք այդ թեորիան, ամեն օր կատարում ենք մի փոքր քայլ, որը տարվա ընթացքում կվերածվի մեծ արդյունավետության»,- նշեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան