Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը ներկայացվելու է Հայաստանում
Գերմանիայի Դրեզդեն սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» ծրագիրը նոյեմբերի 10-ին ներկայացվելու է Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: «Աղետ» համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի կոմպոզիտորներից և հայաստանյան համերգի կազմակերպիչ Վաչե Շարաֆյանը:
«Աղետ»-ի ծրագրում ներկայացվում է երեք կոմպոզիտորի՝ թուրք Զեյնեփ Գեդիզլիօղլուի («Գրառումներ լռակյացից»), գերմանացի Հելմուտ Օհրինգի («Դա ցեղասպանություն էր. Ռեջեփ Թայիփ Էրդողանին») և հայ Վաչե Շարաֆյանի («Արթնացեք, փառքեր իմ») ստեղծագործությունները:
Վաչե Շարաֆյանի խոսքով՝ թուրք կոմպոզիտոր Զեյնեփ Գեդիզլիօղլուի հայրը Հրանտ Դինքի ընկերն է եղել, համերգի մասնակիցներից կիթառահար Մարկ Սինանի տատիկը հայ է եղել, պապիկը՝ թուրք:
Հարցին, թե ինչո՞ւ է Գերմանիայի Դրեզդեն սիմֆոնիկ նվագախումբը նման ծրագիր նախաձեռնել, Վ. Շարաֆյանը պատասխանեց. «Լավ մարդիկ են, ովքեր համարում են, որ որոշ հարցեր պետք է լուծվի»:
Համերգաշարը մեկնարկել է 2015 թ. նոյեմբերին Բեռլինում: Հենց առաջին համերգից սկսած ծրագիրը հայտնվել է գերմանական ունկնդրի ուշադրության կենտրոնում: Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը դիմել էր եվրոպական հանձնաժողովին` պահանջելով չֆինանսավորել և արգելել համերգները, բայց նվագախմբի ղեկավարության, երաժիշտների ակտիվ գործունեության, ժողովրդի ակտիվ մասնակցության արդյունքում համերգները շարունակվում էին: Հայաստանյան համերգից հետո՝ նոյեմբերի 13-ին, ծրագիրը ներկայացվելու էր նաև Ստամբուլում՝ Գերմանիայի հյուպատոսարանի դահլիճում: Դրեզդեն Սինֆոնիկերը հրավիրել էին նախագահ Էրդողանին: Սակայն հոկտեմբերի 25- ին հայտնի էր դարձել, որ ԳԴՀ արտգործնախարարությունը խոստացված դահլիճը չի տրամադրում, այսինքն համերգը չի կայանալու:
Այսօր Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ»-ը ներկայացվելու է Բելգրադում: