Աշնանային դեպրեսիայից դուրս գալու ամենապարզ միջոցը շատ քայլելն է. հոգեբան
«Պետք չէ յուրաքանչյուր տրամադրության անկում դիտարկել որպես դեպրեսիա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինչպես և լավ տրամադրությունը, նույն կերպ էլ վատ տրամադրությունը շատ անհրաժեշտ է մարդուն՝ ինքնաճանաչման համար:
Հոգեբանի խոսքով՝ դեպրեսիան արդեն ախտորոշում է, ինչը նշանակում է, որ տրամադրության անկումը կայուն բնույթ է կրում, ուղղորդվում է նաև ֆիզիկական թուլությամբ, ախորժակի կորստով, վատ քնով կամ քնկոտությամբ. «Այս ախտանիշների դեպքում նոր կարելի է խոսել դեպրեսիայի առկայության մասին»:
Ինչ վերաբերում է աշնանային դեպրեսիային՝ Լիլիթ Բաղդասարյանը նշեց, որ այն կապված է եղանակի փոփոխության, արևային ժամերի կրճատման հետ, որոնց պատճառով մարդու օրգանիզմը վերակառուցվում է՝ նախապատրաստվելով ցուրտ շրջանին: Այդ ադապտացիայի շրջանը մարդուց ավելորդ «ծախսեր» է պահանջում և բերում դեպրեսիայի:
«Դեպրեսիայի դեմ կարելի է պայքարել և այն կանխել ամենապարզ միջոցներով՝ շատ քայլել, ավելացնել սննդակարգի մեջ վիտամիններ, շփվել որքան հնարավոր է շատ հարազատների ու սիրելի մարդկանց հետ: Սննդակարգի մեջ ավելացնել ցիտրուսային մրգերը, շոկոլադը, սուրճն ու թեյը, իհարկե չափի մեջ: Սպորտով զբաղվել, որից տվյալ պարագայում ամենաարդյունավետը լողն է: Այս մեթոդների անարդյունավետ լինելու դեպքում նոր կարելի է դիմել հոգեբանի օգնությանը»,-խորհուրդ տվեց մասնագետը: