Հաղթողների գերակշիռ մասը հայազգի պատանի ըմբիշներն էին
Երևանի «Դինամո» մարզահամալիրում երկօրյա մրցապայքարից հետո ավարտվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան 8-րդ հուշամրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 10 քաշային կարգերում իրենց ուժերը չափեցին Հայաստանի մարզերի, ինչպես նաև Արցախի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի շուրջ 200-պատանի ըմբիշներ: Մասնակիցների շարքում քիչ չէին նաև աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիրները:
Այս ստուգատեսի արդյունքները հաշվի առնելով` ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը հնարավորություն կունենա համալրումներ կատարելու Հայաստանի պատանեկան ընտրանու կազմում, որը կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանի փորձություններին:
Մրցաշարը միջազգային բնույթ էր կրում, սակայն հաղթողների գերակշիռ մասը հայազգի պատանի ըմբիշներն էին: Ըստ քաշային կարգերի հուշամրցաշարի հաղթողներ դարձան՝ Շմավոն Թևանյանը (42 կգ), Առաքել Մովսեսյանը (46 կգ), Հունան Մանվելյանը (50 կգ), Դավիթ Գրիգորյանը (54 կգ), Արմեն Պետրոսյան (58 կգ), Գրիգոր Ներսիսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Իլյա Շևաձեն (76կգ), Սերգեյ Սարգսյանը (85 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ):