Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը 90 տարեկան է
Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի (1926 թ.) հոբելյանական ցուցադրությունը: Այն կազմակերպում է Հայկական ազգային կինոակադեմիան:
Այդ օրը «Զարե»-ն կդառնա ուղիղ 90 տարեկան, քանզի 1926 թվականին հենց նոյեմբերի 9-ին է եղել ֆիլմի պրեմիերան: Բոլորովին վերջերս «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով արվել է «Զարեի» բարձրորակ թվայնացում: Հոբելյանական երեկոյին հենց այս՝ թվայնացված տարբերակն էլ կներկայացվի հանդիսատեսի ուշադրությանը: Մուտքն անվճար է:
Ֆիլմը նկարահանվել է Լազոյի համանուն վիպակի հիման վրա: Այն նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում: «Զարե»-ը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։
Ֆիլմում նկարահանվել էին՝ Մարիա Թադևոսյան (Թենազի)՝ Զարե, Հրաչյա Ներսիսյան՝ Սայդո, Ավետ Ավետիսյան՝ Սլո, Օլգա Գուլազյան՝ Լյաթիֆ խանում, Միքայել Մանվելյան՝ Մստո, Նինա Մանուչարյան՝ Նանո և ուրիշներ:
««Զարե» ֆիլմը ստեղծելիս մենք աշխատում էինք հսկայական լարվածությամբ, և ես մտածում էի, որ այլևս հանձն չեմ առնի այդքան կարճ ժամկետում լիամետրաժ ֆիլմ նկարահանել»,- Համո Բեկնազարյան, հատված «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» գրքից (www.kinoversus.com):
Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարե»-ն քրդերի մասին առաջին ֆիլմն է, որից հետո քրդերի մասին կինոն լռել է մինչև 1991 թվականը: