Հովհաննեսի ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները այսօր առավոտյան այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ արձագանքելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություններին:
Այցի արդյունքներով, ՄԻՊ աշխատակազմից ներկայացնում են մանրամասն հաղորդում Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ.
«Երեկ երեկոյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցել է տեղեկություններ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը և Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հ. Հարությունյանի հետ և մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո:
Արդյունքում՝ Հ. Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել:
Այսպես՝
Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հ. Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում և բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:
Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթև արտահայտված կարմրություն:
Ոտքի ջլային և ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին:
Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, և նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հ. Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն:
Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ, ոտնաթաթը հատակին թեթև հենելով, տեղաշարժվել է սենյակում:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հ. Հարությունյանի համաձայնությամբ, լուսանկարահանել եւ տեսանկարահանել են Հ. Հարությունյանի ոտքի շարժումները:
Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա նոյեմբերի 2-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանների կողմից ենթարկվել է բժշկական զննության, ինչի արդյունքում
Հ. Հարությունյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, վերքից արտադրություն չի եղել, արձանագրվել է վիրահատությունից հետո ոտքի անշարժացման արդյունքում աջ քառագլուխ մկանի ատրոֆիա, որի վերականգնման համար Հ. Հարությունյանին նշանակվել են բուժական ֆիզիկական վարժություններ: Խորհուրդ է տրվել նաև քայլել հենակներով՝ վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով:
Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ Հ. Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հրաժարվել է բժշկական ցուցումներով՝ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով իրականացվող ռենտգենոգրաֆիկ հետազոտությունից՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում ավելորդ անգամ ճառագայթվել:
Բժշկական փաստաթղթերում բուժող, հետազոտող եւ հերթապահ բժիշկների գրառումներից բացի, բժշկական եզրակացություն պարունակող այլ փաստաթուղթ՝ այդ թվում՝ Հ. Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որեւէ եզրակացություն (ինչպես նշվում է հրապարակային մի շարք աղբյուրներում) չի հայտնաբերվել:
Փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ բժշկական եզրակացություն պարունակող որևէ փաստաթուղթ դեռևս չի ներկայացրել, չնայած մեր կողմից նրան ուղղված խնդրանքին:
Հ. Հարությունյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա գտնվում է ամենօրյա բժշկական հսկողության ներքո:
Այդուամենայնիվ, Հ. Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլևս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:
Սույն հաղորդագրությամբ ևս մեկ անգամ դիմում ենք Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որևէ այլ իրավասու ներկայացուցչի՝ մեզ ներկայացնելու Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տարածվել են լրատվամիջոցների երեկվա հրապարակումներում: Փաստաթղթերի բժշկական գաղտնիությունը երաշխավորվում է:
Դրանք մեզ անհրաժեշտ են ուսումնասիրության և պրոֆեսիոնալ հետազոտությունների հիման վրա համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ոտքը սևանալու և նրան անդամահատելու խնդիր չկա, դա բացառված բան է. Բժիշկը՝ Հովհաննեսի վիճակի մասին
- «Սասնա ծռերի» անդամի հետ կատարվածը կներկայացվի ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին