Ի՞նչ է նշանակում զիջումների գնալ. Վանաձորի քաղաքապետ
«Եթե այդ մարդիկ այսօր այստեղ չեն, դա իրենց խնդիրն է, իրենց քաղաքական ուժերի ընդունած որոշման արդյունքն է», -այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստի ձախողումից հետո հայտարարեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նիստին չեն ներկայացել իր թեկնածությանը կողմ քվեարկած ընդդիմադիր անդամները:
Նշենք, որ այսօր առավոտյան հրավիրված Վանաձորի արտահերթ նիստը չկայացավ, քանի որ ավագանու ընդդիմադիր անդամները՝ «Լուսավոր Հայաստան», Հայկական Վերածնունդ և Բարգավաճ Հայաստան խմբակցություններից, բոյկոտեցին այն: Արդյունքում ՀՀԿ-ն ու նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեին 15 մանդատ, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 18 մանդատ, և քվորում չապահովվեց ու նիստը չկայացավ։
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ էր ընտրվել շնորհիվ ընդդիմադիր խմբակցությունների 4 անդամների ձայների:
Այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 6 հարց:
Հարցին, թե ինչքա՞ն կշարունակվի այս բոյկոտը, քաղաքապետը պատասխանեց. «Այնքան, ինչքան որ Վանաձորը պատրաստ է դիմանալու առանց բյուջե, առանց քաղաքապետարանի աշխատակազմի, ինչքան որ Վանաձորը պատրաստ է ապրել առանց զարգացման ծրագրի»:
Ասլանյանն ասաց, որ արտահերթ նիստից առաջ ընդդիմադիր գործընկերների հետ շփվել են, խոսել, քննարկել կանոնակարգը ու հավելեց. «Բոյկոտը քաղաքական պայքարի ձև է, հետևաբար չեմ ուզում մեկնաբանել: Նորմալ եմ վերաբերվում դրան»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է քաղաքապետը զիջումների գնալ, որպեսզի ավագանու նիստ կայանա և Վանաձորի համար առաջնային հարցերը լուծվեն: Ի պատասխան Ասլանյանը հակադարձեց հարցով.
«Ի՞նչ է նշանակում զիջումների գնալ: Մենք բաց քննարկումների ենք կանչել մարդկանց, բոլոր առողջ առաջարկություններն ընդունելի են: Զիջումները գալիս են այն ժամանակ, երբ լինում է առողջ կոնսոլիդացիա, առողջ քննարկում: Ի՞նչ զիջում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին