Սերժ Սարգսյան. Մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով
«Մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում»,-«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր հասարակությունը բաղկացած է կայացած կանանցից ու տղամարդկանցից: Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի հաջողություն ունեցող կինը»,- ասաց երկրի ղեկավարը:
Համաժողովի անցկացումը նախաձեռնել է ՀՀԿ կանանց խորհուրդը, այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նախապես հայտարարվել էր, որ միջոցառմանը մասնակցելու են ՀՀԿ տարածքային և մարզային կառույցների ավելի քան 600 անդամներ, հասարակական-քաղաքական ազդեցիկ և հեղինակավոր գործիչ-կանայք՝ Հայաստանից, Արցախից ու արտերկրից:
Հայաստանից համաժողովին ներկա են կանանց հասարակական և բարեգործական կազմակերպություններ: Հրավիրյալների թվում են` գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի բնագավառների գործիչներ, զոհվածների մայրեր, ազատամարտիկներ:
Արցախի հանրապետությունից մասնակցում են «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդական» և «Արցախի հանրապետական» կուսակցությունների կանանց խորհուրդները: Կրթության, տարածքային ոլորտների ակտիվ կանայք, հասարակական-բարեգործական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ:
«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին հնչեցին նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ուղերձները, ԵԺԿ Կանանց կազմակերպության ղեկավար Դորիս Փեքի տեսաուղերձը, Կանանց Համաչինական ֆեդերացիայի ուղերձը:
«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Հայտարարելով համաժողովի մեկնարկի մասին՝ իր ելույթում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ընդգծեց, որ պատմական այս դահլիճում, որտեղ ընդունվել է ՀՀ անկախության հռչակագիրը, խոսվելու է մեր երկրի անցած ուղու և ապագայի անելիքների մասին:
Արտերկրից համաժողովին մասնակցում են և ելույթներով հանդես կգան պատգամավորներ՝ ՌԴ Դաշնության խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Զ. Դրագունկինան, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տ. Բատիշևան, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատգամավոր, օրենսդրության եւ դատաիրավական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Ն. Միքայելյանը և այլք:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավվածությունը, կանանց ինքնադրսևորման խթանները և արգելքները: Անդրադարձ է կատարվելու նաև արդի ժողովրդագրական խնդիրներին ու կանանց անելիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան