Ոստիկանությունը պատասխանում է ուշ հրավառությունների մասին հարցին
Հարցում.
Հասարակական կարգի՝ ոստիկանության կողմից պահպանումը ակնհայտ է լինում առավելապես երթերի ու ցույցերի ժամանակ։ Այդ դեպքերում քիչ չեն նաև ոստիկանությունից դժգոհողների թիվը։
Սակայն կա ևս մի դեպք, երբ մարդիկ սկսում են դժգոհել ոստիկանությունից՝ նույնիսկ իրենց տներում նստած։ Դա ուշ ժամերին Երևանում հրավառությունների ժամանակ է։ Սոցցանցերը այդ պահերին ու դրա հաջորդ օրը լցվում են հրավառություն անողների «շնորհավորանքներով», ապա՝ այս հարցում ցուցաբերած ոստիկանության մշտական անգործությունից։
Օրինակ այսպիսի գրառում. «Բայց լավ կլիներ լրագրողները, օրինակ, հարցնեին ոստիկանությանը, կոնկրետ հոկտեմբերի 13-14 գիշերը Երեւանի կենտրոնական հատվածում ժամը 12-ին ով եւ ինչ իրավունքով էր սալյուտում»։
Ոստիկանական կայքում բավական շատ են անգամ ամենամանր գողությունների կամ դրանց մասին հայտարարությունների մասին լուրերը, բայց երբևէ (կուղղեք ձեր պատասխանով, եթե այդպես չէ) չհանդիպեցինք որևէ հաղորդում այն մասին, որ հասարակական անդորրը խանգարելու համար հրավառություն կազմակերպող է տուգանվել։
Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը, իսկ ավելի շատ՝ սպասում ենք գործնական քայլերի։
Ուզում եմ նկատել նաև. որ մանավանդ ապրիլյան պատերազմից ու հուլիսի դեպքերից հետո քաղաքացիները շատ զգայուն են դարձել ամեն տեսակ պայթյունների ու հրավառությունների նկատմամբ՝ չհասկանալով դրանց ծագումը։
Անահիտ Ոսկանյան, panorama.am
Ինչին ի պատասխան՝ ստացանք.
Ձեր 27.10.2016 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ հրագործական ապրանաքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է, որի իրականացման համար «Գործունեության իրականացման մատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն պահանջվում է ծանուցում։ Տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՀՀ ֆինանսների նախարարությունն է։
Հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 15.01.2002 թվականի թիվ 41 որոշմամբ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջներն ու դրանց փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ՀՍՏ 214-2001 և ԳՕՍՏ Ռ 51271-99 ստանդատների պահանջներին, որը Հայպետստանդարտի իրավասության ոլորտ է։
2012 թ.-ի փետրվարի 7-ին ՎԻՎ ՀՀ օրենսգրքի կատարված փոփոխությունների արդյունքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի «Լռությունը խախտելը» 180-րդ հոդվածի ենթակայությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանությանը, ըստ որի՝ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 07.00-ն) հրագործական արտադրատեսակների օգտագործելը՝ (բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Հասարական կարգ ապահովելու և ոլորտի նկատմամբ ոստիկանության կողմից վերահսկողություն իրականացնելու լիազորությունները սահմանափակվում են միայն ՎԻՎ ՀՀ օրենսգրքի վերը նշված հոդվածի կիրառմամբ։
ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների կողմից 2016 թ. 9 ամիսների ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել են՝ 132, իսկ 2015 թ. նույն ժամանակահատվածում 136 վարչական արձանագրություններ։
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին