ԱՆ գլխավոր վնասվածքաբանն այցելել է «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն ընդունել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամներ Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին և Թամարա Հարությունյանին, լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից: Նրանք իրենց մտահոգությունն եին հայտնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող հրազենային վնասվածք ստացած Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ:
Հանգամանորեն լսելով նախաձեռնության անդամներին` փոխնախարարը հավաստիացրել է, որ հիվանդի կյանքին վտագ չի սպառնում :
Վահան Պողոսյանի խոսքով` երկրի առողջապահական ենթակառուցվածքները, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած հանրահավաքների ու հաջորդող իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին մշտապես ցուցաբերել է մասնագիտական աջակցություն և այդ օրերին աշխատել է բարձր պատրաստվածության պայմաններում:
Հանդիպման ավարտին` նախարարի տեղակալը Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետին հանձնարարել է անմիջապես կազմակերպել մասնագետի գործուղում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու Հ. Հարությունյանի վիճակը: Այնուհետև` կազմակերպել կոնսիլիում, որում կներառվի նաև «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության կողմից առաջադրված բժիշկ: Կոնսիլիումի և անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում կընտրվի բուժման առավելագույնս արդյունավետ մոտեցումը:
ԱՆ-ից նաև հայտնում են, որ ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանն արդեն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանին և անհրաժեշտ խորհրդատվություն իրականացվել: Նշանակվել է մագնիսառեզոնանսային շերտագրում, որը կիրականացվի վաղն իսկ: Մագնիսառեզոնանսային շերտագրման արդյունքների հիման վրա կգումարվի կոնսիլիում, և կընտրվի բուժման մոտեցումը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, վիրավորվել էր հուլիսին: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա վիրավոր ոտքից հանել էին բեկորներ և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Օրերս Հարությունյանի պաշտպանը հայտարարել էր, թե Հովհաննեսի ոտքը սևացել է, բարակել, և նա մտածում է նույնիսկ ոտքը կտրելու մասին: «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Panorama.am-ին հայտնել էր, որ անդամահատումը բացառվում է և Հովհաննեսի ոտքի հետագա առողջացումը կախված է իրենից:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները Հովհաննես Հարությունյանի հարցով պահանջներ են ներկայացրել իրավասու մարմիններին
- Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի. Բժիշկը՝ Փաշինյանին
- Հովհաննեսի ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել. ՄԻՊ
- Ոտքը սևանալու և նրան անդամահատելու խնդիր չկա, դա բացառված բան է. Բժիշկը՝ Հովհաննեսի վիճակի մասին