Խաղացանկերը պետք է թարմանան. Ա.Ամիրյան
Մենք հիմա փորձելու ենք ձևավորել որոշակի քաղաքականություն՝ ներկայացումների բովանդակության հետ կապված, թեպետ՝ մենք չպետք է խառնվենք բովանդակությանը, օրենքով է այդպես սահմանված, - Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շրջայց կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այժմ ավելանալու են ձեր պահանջները թատրոնից:
«Մենք համագործակցաբար պետք է շարունակենք զբաղվել նախ ճիշտ ներկայացումներ բեմադրելով, ճիշտ PR իրականացնելով, արվեստի կառավարման մասնագետներ ներգրավելով, որպեսզի կարողանանք բավարար հանդիսատեսի բերել թատրոն»,- նշեց նախարարը:
Արմեն Ամիրյանը նաև խաղացանկերի թարմացման խնդիր է տեսնում:
«Կրկնում եմ՝ ստեղծագործական մասին նախարարությունը չի խառնվում, բայց մենք ձևավորում ենք պատվերներ, և պետք է խաղացանկերը թարմանան՝ դառնալով այսօրվա պահանջներին համապատասխան, անշուշտ, իր մեջ ներառելով այն գաղափարային հաղորդագրությունը, որը պետությունն ուզում է փոխանցել ժողովրդին: Խոսքը վերաբերում է ազգային թեմաներին: Այդ թեմաներն այնպես չէ, որ պետք է թատրոնը պարզապես բեմադրի: Հաճախ ունենում ենք բեմադրություններ, պատվերներ, որոնք, առաջնախաղից հետո 1-2 անգամ ներկայացնելով հանդիսատեսին, այևս չեն շարունակվում: Նման բան չպետք է լինի, պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն՝ ընդունելու տարիներ շարունակ լեցուն դահլիճներ»,- ասաց մշակույթի նախարարը:
Թատրոնի վերանորոգման աշխատանքը սկսվել էին 2015թ. հոկտեմբերից: Թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Սթեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին 23 տարի մարման ժամկետով կնքվել է 7 մլն եվրո արժողության՝ ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր:
2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել էր աշխատանքի հանձնման-ընդունման արձանագրություն. դահլիճը պատրաստ է շահագործման և նորամուտը կտոնի «Պեպո» բեմադրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին
- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 7 մլն եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման