Գևորգ Կոստանյան. «Առողջությանս հետ կապված մտահոգությունները փարատվել են»
«Մեր հասարակության մոտ ընդունված չէ, որ մարդը կարող է հրաժարական տալ գլխավոր դատախազի կամ ընդհանրապես՝ որևէ այլ պաշտոնից»,- արձագանքելով առողջական խնդիրների պատճառով լիազորությունները վայր դնելու հիմնավորմանը չհավատացողներին՝ ասել է Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման շրջանակում:
Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ վերապահումներով է մոտենում այն՝ երբեմն նույնիսկ ֆանտաստիկ վարկածներին, որոնք դրվում էին իր հրաժարականի հիմքում:
«Անկեղծ եմ իմ դիրքորոշումը ներկայացրել, որ առողջական խնդիրներից ելնելով եմ հայտարարել իմ լիազորությունների դադարեցման մասին : Բարեբախտաբար, դա ավելի շատ մտահոգություն էր, քան ռեալ պատճառ: Այս ընթացքում բժշկական հետազոտություների ենթարկվեցի, և փառք Աստծո, այդ մտահոգությունները վերջնականապես փարատվեցին: Այլևս այդ մասին խոսելու առիթ և անհրաժեշտություն չենք ունենա»,- ասել է Գ. Կոստանյանը:
Նախկին գլխավոր դատախազը հերքել է նաև այն խոսակցությունները, համաձայն որոնց իր հրաժարականի պատճառը «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը վերաբերող հայտարարությունն էր՝ հանձնվելու դեպքում նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին: Գ. Կոստանյանն ընդգծել է, որ հայտարարությունն անելիս հիմնվել է «Քրեական օրենսգրքի» վրա:
Ինչ վերաբերում է հետագայում պետական այլ պաշտոն զբաղեցնելու կամ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին լուրերին, ապա Գ. Կոստանյանը նշել է, որ իր ամբողջ կենսագրության ընթացքում ներգրավված է եղել պետական ծառայության մեջ, մասնավոր կամ տնտեսական գործունեությամբ չի զբաղվել, ուստի առողջական խնդիրներով մտահոգությունը փարատվելուց կհստակեցվի նաև ապագայում այդ ներգրավվածության բնույթը, ինչն արդեն հանրապետության նախագահի հետ քննարկման առարկա է:
«Ես չունեմ բավարար տեղեկատվություն, որպեսզի հերքեմ կամ հաստատեմ: Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ ես կառավարության լիազոր ներկայացուցիչն եմ ՄԻԵԴ-ում , արդեն իսկ իմ պետական պաշտոնը զբաղեցնում եմ և իմ ծառայությունը մատուցում եմ երկրին»,-ասել է Գ. Կոստանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին