Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ են կառուցվում
2016թ-ի ընթացքում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնատներ է կառուցել և կառուցում Արցախի 5 և ավելի զավակ ունեցող ընտանիքների համար: Այս նպատակին են ուղղվել Հեռուստամարաթոն 2015-ի ընթացքում հավաքագրված գումարների մի մասն ու անհատ բարերարների նվիրատվությունները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, ընդհանուրը կառուցվել և կառուցվում է 28 առանձնատուն Արցախի ամենատարբեր համայնքներում, ներառյալ` Մարտակերտ, Մարտունի, Որոտան Ավետարանոց, Վանք, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ, Մուշկապատ, Ճարտար, Խանձաձոր, Մեծ Թաղեր, Ակնաբերդ, Ճարեքթար, Եղեգնուտ, Միրիկ, Բերդիկ, Քրասնի, Չափար, Կուսապատ, Մայրամաձոր, Նորագյուղ, Վարանդա, Վուրգավանդ քաղաքային և գյուղական համայնքներում:
Ինն առանձնատուն լիովին կահավորված են և պատրաստ շահագործման: Ճարտար, Քրասնի, Մարտակերտ, Մարտունի և Ճանկաթաղ համայնքներում բնակվող վեց բազմազավակ ընտանիքներն /Հարությունյանների, Շիրինյանների, Բաղդասարյանների, Մովսեսյանի, Պետրոսյանների, Սարգսյանների/ արդեն նշել են իրենց բնակարանամուտը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստի որոշմամբ, 2016 թ.-ի նոյեմբերի 24-ին կայանալիք հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Կշարունակվի Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը: