Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի. Բժիշկը՝ Փաշինյանին
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօր մանրամասն զրույց ունեցա «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հետ:
«Պարոն Մանուկյանը ամենայն պատասխանատվությամբ ինձ հավաստիացրեց հետեւյալը.
1. Հովհաննես Հարությունյանի ոտքը ոչ միայն ենթակա չէ անդամահատման, այլև ենթակա է 100 տոկոսով վերականգնման:
2. Այս փուլում Հովհաննես Հարությունյանի բուժման ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և նրան ցուցված են իրականացնել վերականգնողական վարժություններ:
3. «Սասնա ծռեր» խմբի այլ անդամների նմանատիպ վնասվածքները բնույթով շատ ավելի ծանր են եղել, եղել են կյանքի համար շատ վտանգավոր վնասվածքներ, սակայն իրենք խմբի բոլոր անդամների բուժումն իրականացնում են բարհաջող եւ համոզված են խմբի բոլոր անդամների (այդ թվում Հովհաննես Հարությունյանի) բուժման բարեհաջող ելքի վրա:
4. Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի:
Հ.Գ. Առաջիկայում կխոսեմ նաև Հովհաննես Հարությունյանի փաստաբանի և հարազատների հետ, և նրան այցելելու ևս մեկ փորձ կանեմ», -հայտարարել է Փաշինյանը:
Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ը զրուցել էր Միքայել Մանուկյանի հետ, և վերջինը Հովհաննես Հարությունյանի վիճակի մասին ասել էր գրեթե նույնը:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննեսի ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել. ՄԻՊ
- Ոտքը սևանալու և նրան անդամահատելու խնդիր չկա, դա բացառված բան է. Բժիշկը՝ Հովհաննեսի վիճակի մասին