ԱՆ-ն խոստացել է, որ Հովհաննես Հարությունյանի վիճակի վերաբերյալ կոնսիլիում կկազմակերպվի
«Ես կհանձնարարեմ մի քանի լավագույն մասնագետների, կգնան, վերջնական կնայեն Հովհաննեսին կոնսիլիում կկազմակերպենք այնտեղ և եթե անհրաժեշտ լինի լաբորատոր-գործիքային հետազոտություններ կանենք», -այսօր «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտից «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամները երթով շարժվել էին առողջապահության նախարարություն, որտեղ նրանց ընդունել էր փոխնախարարը:
Պողոսյանը վստահեցրեց, որ մասնագետների մասնակցությամբ փոքրիկ կոնսիլիումի ժամանակ կորոշվի «բուժման տակտիկան» և այդպես էլ կառաջնորդվեն:
«Դրան կհետևի առողջապահության նախարարությունը: Այն կլինիկայում, որտեղ կկազմակերպվի հետազոտությունը, կհետևենք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական խնդիրները հիմնավորապես լուծվի: Ձեզ մոտ կասկած չպետք է լինի, որ ՀՀ քաղաքացուն առողջապահության նախարարությունը կազմակերպելու է բուժօգնություն», -հավելեց Վահան Պողոսյանը:
Պաշտոնյան նույնիսկ համաձայնեց, որ բուժհետազոտությանը մասնակցի նաև Հովհաննես Հարությունյանի հարազատների առաջարկած մասնագետը:
«Խնդիր չկա, դուք ընտրեք բժշկին, մենք նրան կընդգրկենք կոնսիլիումի խմբի մեջ: Կազմակերպենք հետազոտությունները: Նորմալ առաջարկ է, մենք դրան դեմ չենք», -դիմելով նախաձեռնության անդամներին, ասաց Պողոսյանը:
Դավիթ Սանասարյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պայմանները համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին, որպեսզի այնտեղ կատարվեն հետազոտություններ:
Ի պատասխան Պողոսյանն ասաց, որ եթե բժիշկների խումբը որոշեց, որ հիվանդին պետք է հետազոտել քաղաքացիական հիվանդանոցում, ապա ԱՆ-ն սահմանված կարգով կմիջնորդի, որպեսզի հիվանդ կալանավորին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:
«Առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով սպառիչ, ամփոփ տեղեկություն կտրամադրի հետազոտության և ընթացքի մասին, և բուժման տակտիկայի մասին», -նշեց Պողոսյանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, վիրավորվել էր հուլիսյան դեպքերի ժամանակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա վիրավոր ոտքից հանել են բեկորներ և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Օրերս Հարությունյանի պաշտպանը հայտարարել էր, թե Հովհաննեսի ոտքը սևացել է, բարակել և նա մտածում է նույնիսկ ոտքը կտրելու մասին: «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Panorama.am-ին ասել էր, որ անդամահատումը բացառվում է և Հովհաննեսի ոտքի հետագա առողջացումը կախված է իրենից:
«Նա պետք է վաժություններ կատարի»,- ասել էր Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները Հովհաննես Հարությունյանի հարցով պահանջներ են ներկայացրել իրավասու մարմիններին
- Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի. Բժիշկը՝ Փաշինյանին
- Հովհաննեսի ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել. ՄԻՊ
- Ոտքը սևանալու և նրան անդամահատելու խնդիր չկա, դա բացառված բան է. Բժիշկը՝ Հովհաննեսի վիճակի մասին