«ՄԻԵԴ-ում մեկ հայ փասխտականի գործով վճռի կատարումը հանգեցնելու է մյուսների իրավունքների վերականգնմանը». Կոստանյան
Անդրադառնալով եվրոպական դատարանում «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ Մեծ պալատի կայացրած վճիռների կատարման ընթացիքն՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ընդգծել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեի եզրահանգմամբ՝ այս երկու գործերը հավասարազոր չեն՝ առնվազն մեկ պատճառով. եթե Սարգսյանի դեպքում որպես սուբյեկտ հանդիսանում է միայն Ադրբեջանի Հանրապետությունը, ապա Չիրագովների դեպքում առնվազն երկու սուբյեկտի մասնակցություն է անհրաժեշտ:
Այսպիսով` ԼՂՀ, լինելով միջազգայնորեն չճանաչված պետություն, սակայն համապատասխանելով պետությանը բնորոշ բոլոր չափանիշներին, մեխանիկորեն կարող է ստանալ «միջազգային որոշակի իրավասուբյեկտություն»՝ առնվազն իր երկրի տարածքում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
«Հետևաբար, Չիրագովի վճռի կատարման կամ չկատարման, կատարման եղանակների, չկատարման եղանակների հետ կապված հարցերը բոլոր դեպքերում պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ուղիղ մասնակցությամբ, իսկ սա շատ կարևոր է: Սա այն դեպքերից մեկն է, երբ ԼՂՀ միջազգային հարթակում կարող է ներկայացնել իր ինքնուրույն դիրքորոշումը»,- ընդգծել է Գ. Կոստանյանը:
Գ. Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ ՄԻԵԴ-ում արդեն քննարկվում է «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի հանրապետության» գործով վճռի կատարման փուլը: Նախատեսվում է, որ գարնանը Ադրբեջանի կառավարությունը կներկայացնի այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում է լուծել հայ փախստականի գույքային իրավունքները:
«Եվրոպական դատարանում մենք ունենք 750-800 հայց՝ մեր փախստականների անունից, և այս մեկ որոշման, այս մեկ վճռի կատարումը մեխանիկորեն հանգեցնելու է մյուս հայ փախստականների իրավունքների վերականգնմանը»,-եզրակացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանության գործին, Գևորգ Կոստանյանը նշել է, որ գործով ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ներգրավվել է որպես 3-րդ կողմ և սպառիչ ներկայացրել է իր դիրքորոշումը թե՛ Հունգարիայի կառավարության գործողությունների, թե՛ Ադրբեջանի կառավարության, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի գործողությունների վերաբերյալ:
«Մենք հիմնավորել ենք, որ Հունգարիայի կառավարության գործողություններն ուղղակիորեն հանգեցրել են եվրոպական կոնվենցիոն իրավունքների և միջազգային փաստաթղթերի խախտմանը: Միաժամանակ հիմնավորել ենք, որ Ադրբեջանի կառավարության, իսկ ավելի շատ՝ Ադրբեջանի նախագահի գործողությունը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ինքնին, որպես առանձին ակտ, խախտել է եվրոպական ամենակարևոր արժեքը՝ կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը :
Եվ ես համոզմունք ունեմ, որ մենք առնվազն եկող տարվա մեջ կունենանք վճիռ: Հույս ունեմ, որ այդ վճռով հստակ կարձանագրվի և՛ հունգարական կառավարության, և՛ հատկապես Ադրբեջանի նախագահի գործողությունների անօրինականությունը և կոնվենցիոն հակասությունը»,- ասել է Գ. Կոստանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում