Տնտեսությունն այս վիճակում էր, երբ երկրի տնտեսական ռազմավարություն հռչակվեցին բիոզուգարանները. Նաիրա Զոհրաբյան
«Մեր տնտեսությունը երեկ ժամը 10:00-ին չէ, որ հայտնվել է այս վիճակում: Տնտեսությունն այս վիճակում էր, երբ երկրի տնտեսական ռազմավարություն հռչակվեցին բիոզուգարանները, երբ հայտարարվեց մոնոպոլիայի և ստվեր դեմ պայքար, բայց մինչ օրս չենք կարողանում այդ մոնոպոլիան և ստվերը գտնել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին:
Պատգամավորը շարունակեց. «Մեր տնտեսությունը հայտնվեց այդ վիճակում, երբ կառավարության դիզայնի փոփոխության արդյունքում պարզվեց, որ տարբեր օլիգարխ նախարարներ Լաս Վեգասում ու ԱՄՆ-ում մի քանի միլիոն դոլար արժողությամբ հսկայական վիլլաներ ունեն: Չե՞ք կարծում, որ պետք է գործի պատասխանատվության մեխանիզմը, քանի որ ես ուսումնասիրել եմ նշյալ անձանց կենսագրությունը և որևէ մեկը Ռոքվելլերի թոռը չի եղել, որևէ մեկը գանձ չի գտել, ժառանգություն չի ստացել: Երկրի ռեսուրսների հաշվին է եղել օլիգարխացումը, հարստացումը»:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ բոլորին է հայտնի՝ երբ մի մոլորված ներդրող պատահաբար փորձ է արել Հայաստանում ներդրում անել, անմիջապես պատկան մարմինները տվել են հարց՝ բա մենք ի՞նչ ենք ունենալու այդ ներդրումից: «Հիմա այդ հարցը չի՞ տրվելու այլևս և չե՞ք կարծում, որ քանի դեռ մեր երկրում չի գործում պատասխանատվության մեխանիզմը, ամեն ինչ լինելու է առ ոչինչ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը արձագանքեց. «Հստակ ուզում եմ այս ամբիոնից հայտարարել՝ այսուհետ եթե կլինի մեկ դեպք, երբ որևէ ներդրող կգա Հայաստան կամ գործում է Հայաստանում, և որևիցե մեկը նրանց առաջ կդնի պայման, մենք պատրաստ ենք լիարժեք լուծել։ Բացառվելու են այդ մոտեցումները: Ես պատասխանատու եմ որպես նախարար, որ ՀՀ-ում ցանկացած ներդրողի մենք միայն ու միայն օժանդակելու ենք»: