Բ. Ենգիբարյան. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում
«Նախատեսվում է, որ 2-3 տարիների ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձևավորվի ճարտարագիտական կլաստեր»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց տեխնո աշխարհի վերջին կարևոր իրադարձությունները և զարգացումները, որոնք Հայաստանը դիրքավորում են աշխարհի ՏՏ քարտեզին որպես ինովացիոն երկիր:
Հիշեցնենք, օրեր Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում, պաշտոնապես բացվեց գերժամանակակից և ինժեներական սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական կենտրոն:
Ենգիբարյանը թվարկեց՝ Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն: Նրա խոսքով, նմանատիպ կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ:
«Առհասարակ, տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ նաև նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք, կատարում են ուղղորդիչ դեր և, ամենակարևորը, իրենց շուրջ ձևավորում են երիտասարդության համար գրավիչ և ուրույն միջավայր»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Անդրադառնալով արդյունքներին, բանախոսն ասաց՝ ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, որոնցից 2-ը՝ ամերիկյան, 1-ը՝ ֆրանսիական, 1-ը՝ թայվանական և 18-ը՝ երևանից: Կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:
«Կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի այն եզակի ոլորտներից է, որը զարգանում է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում»,-համոզմունք հայտնեց Բ. Ենգիբարյանը:
Մասնագետի խոսքով, Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հասել է մի հանգրվանի, երբ կան հաջող նախաձեռնություններ շղթայի բոլոր օղակներում. տեխնոլոգիական կենտրոններ ու լաբորատորիաներ՝ մարզերում, կրթական, ինովացիոն կենտրոններ, ինկուբատորներ, վենչուրային հիմնադրամ՝ Երևանում և այլն, իսկ շղթայի սկիզբը դրվել է 2002 թվականին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծմամբ:
Հիմնադրամի աջակցության շնորհիվ տարեկան պատրաստվում և վերապատրաստվում են ավելի քանի 3000 մասնագետներ, 50-ից ավել կազմակերպություններ ստանում են աջակցություն, ներգրավում են ներդրումներ, այդ թվում՝ վենչուրային:
«Այս մեծ շղթան եզրափակում են Ջրվեժում կառուցվող ինժեներական քաղաքի ու կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ծրագրերը. հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանը ավելի կամրապնդի իր դիրքը որպես ինովացիոն երկիր»,-ասաց նա:
Հիմնադրամի ղեկավարի հրապարակած տվյալների համաձայն, ՏՏ ոլորտի հետազոտության արդյունքներով` 2015թ. ոլորտում արձանագրվել է 15-20% աճ: 2014թ. համեմատ ավելացել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների և զբաղվածների թիվը, ինչպես նաև աճել է ոլորտի շրջանառությունը: 2015թ. ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է 450` 2014թ. 396-ի փոխարեն, ոլորտում ներգրավված է 13000 (սպասարկող անձնակազմի հետ միասին՝ ավելի քան 15000) մասնագետ` 2014թ. 11560-ի դիմաց, ոլորտի շրջանառությունը կազմել է 550 մլն ԱՄՆ դոլլար` 2014թ. 474.9 մլն դոլլարի փոխարեն:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում հույսեր ունեն նորաբաց տեխնոլոգիական կենտրոնից
- Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան