Մեկ տարի առաջ մթերած խաղողի դիմաց գյուղացիներին գործարանները պարտք են 487 մլն դրամ
2015-ի աշնանը մթերած խաղողի դիմաց 12 ընկերություններ գյուղացիներին պարտք են ընդհանուր առմամբ 478 մլն դրամ: Հայաստանյան ընկերությունները նախորդ տարի հողագործներից մթերել էին 31.5 մլրդ դրամի խաղող:
Թե քանի գյուղատնտես դեռ չի վճարվել իր բերքի դիմաց՝ գյուղատնտեսության նախարարությունում թվային տվյալներ չունեն:
«Վերամշակող ընկերությունները խոստացել են մինչև տարեվերջ մարել պարտքերը, բայց հիմա մենք աշխատում ենք առավելագույն շուտ ժամանակահատվածում վճարվեն»,-Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
2016-ին մթերած խաղողի դիմաց ընկերությունները, փոխնախարարի խոսքով, մեծ մասամբ վճարել են գյուղացիներին: Թվերն ամփոփվում են, առաջիկայում պատրաստ կլինեն:
«Նախորդ տարվա համեմատ մթերած խաղողի ծավալը նվազել է»,-ասաց նա, մանրամասնելով, որ բերքն անցած տարվա նման առատ չի եղել, պահանջարկն էլ մեծ էր:
Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչներն իրենց խաղողի գումարը ստանալու հարցում առավել վճռական էին: Այս տարվա սեպտեմբերի 1-ին երեխաներին դպրոց չուղարկեցին՝ ի նշան բողոքի: «Վեդի Ալկո» ընկերությունը, Մակարյանի հավաստմամբ, կատարել է պարտավորությունները, սակայն ևս 5 ընկերություն՝ «Արենի Վայն», «Արմենիա Վայն», «Մառան», «Շատո Առնո», «Էդգար Գրուպ», գյուղացիներին պարտք են 26.3 մլն դրամ:
«Բայց պայմանագրեր ունեն, հիմա նրանց հետ էլ բանակցում ենք, որպեսզի մինչև ժամկետի ավարտը մարվեն պարտքերը»,-ասաց Ռ. Մակարյանը:
12 ընկերություններից 11-ը վճարումները գրաֆիկի համաձայն կատարում են: Հիմնական խնդիրը «Վինար» ընկերության հետ է կապված: Քաղցրաշենցիներին ու այգեզարդցիներին պարտքեր ունեցող «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանին հոկտեմբերի 13-ին նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել էր վաճառել պահեստավորված սպիրտը և վճարել գյուղացիների պարտքերը: Գալստյանը դրական էր արձագանքել: Սակայն անցած հինգշաբթի կառավարության դիմաց բողոքի ակցիան փաստեց, որ գյուղացիները խոստացած ու իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Նախարարը բողոքող գյուղացիներին խոստացավ ՊԵԿ դիմել, որպեսզի ստուգեն, թե ինչ է կատարվում այդ ընկերությունում:
Փոխնախարարն ասաց, որ սպիրտի գնորդ «Արմ Ալկո» ընկերության հետ բանակցություններ են ընթանում վաճառքն իրականացնելու համար:
«Հիմա արդեն պիտի կսկսվի վաճառքի փուլը: Ինչ վերաբերում է նախարարի ասածին, պետական բոլոր լծակները պետք է օգտագործվեն, որպեսզի հնարավորինս շուտ ժամկետում վճարումները կատարվեն»,-ասաց նա:
Վերամշակող ընկերությունների ու նախարարության միջև ընթացող բանակցություններում ի՞նչ հնարավոր տարբերակներ են քննարկվում՝ պարտքերը շուտ մարելու համար: Ընկերությունները հաճախ հայտարարում են, որ գումար չունեն:
«Գյուղացին էլ մեղավոր չի, որ մեկ տարուց ավելի բերքը հանձնել է գումարը չի ստացել: Ընկերությունների ունեցած արտադրանքի վաճառքի տարբերակներն են քննարկվում»,-ասաց Մակարյանը:
Նկատենք, հրապարկման մեջ նշված է միայն երեք գյուղի բնակիչների պարտքի մասին: Նրանք ավելի հաճախ են բարձրաձայնում խնդրի մասին, փորձում տեր կանգնել իրենց իրավունքներին: Բայց խաղողի գումար չստացածների թիվն այդքանով չի սահմանփակվում է, ուղղակի մյուսները դեռ սպասում են...
Հարակից հրապարակումներ`
- Քաղցրաշենցիները գյուղնախարարից հույսերը կտրել են, եկել էին վարչապետին հանդիպելու. «Առավոտ»
- Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- Գյուղնախարար. Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան իրենց գումարները
- Աղավնաձորցիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. Ն.Զոհրաբյան
- Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում
- Քաղցրաշեն գյուղի դպրոցում երկու օր է՝ դասադուլ է. «Ժամանակ»
- Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը
- Տափերականցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
- Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան