Երևանում անցկացվում է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողով
Երևանում ընթանում է առողջապահական իրավունքի առաջին «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովը:
Բացման խոսքում համաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ համաժողովի նպատակն է քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները, ՀՀ-ում և մասնակից երկրներում վեր հանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և խոչընդոտները, մարդու իրավունքների երաշխիքները, համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ:
«Համաժողովը նշված նպատակի իրականացման համար համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին: Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ իրավունքն այն կարևորագույն գործիքն ու միջոցն է, որը թույլ կտա երաշխավորել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների իրականացումը և անշեղ պաշտպանությունը, կնպաստի առողջապահության համակարգի և բժշկագիտության զարգացմանը»,- նշեց Սուրեն Քրմոյանը:
Համաժողովը կազմակերպել են «Իրավունքի զարգացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից Բաց հասարակության հիմնադրամների հովանավորությամբ:
Համաժողովին աջակցում են նաև արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: