2017 թվականին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կհատկացվի 2 մլրդ 649 մլն դրամ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2017 թ. նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 649 մլն դրամ` 2016 թ. պետական բյուջեով հաստատված 2 մլրդ 991 մլն դրամի դիմաց: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ ծախսերի նվազումը 2016 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 342 մլն դրամ կամ 11.4 տոկոս:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ «Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 152.6 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով, մինչդեռ «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ` 2016 թ. 188.4 մլն դրամի դիմաց:
Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, ապա «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 98.7 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով: Իսկ «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 150.5 մլն դրամ` 2016 թ. 152.9 մլն դրամի դիմաց:
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ 2017 թ-ի պետական բյուջեի նախագծով «Պետական աջակցություն «Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի իրականացման համար կհատկացվի 400 մլն դրամ` 2016 թ. 409 մլն դրամի դիմաց, «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրին՝ 475 մլն դրամ:
2017 թ-ին «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի համար էլ կհատկացվի 21 մլն դրամ (երրորդ մասնաբաժին)` 2016 թ. 16.9 մլն դրամի (երկրորդ մասնաբաժին) դիմաց:
Նշենք նաև, որ հաջորդ տարի 94.9 մլն դրամ կհատկացվի «2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» ծրագրի համար: