«Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան
«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի Անկախ փորձագետների հանձնախմբին: Ռուսասատանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին:
Մրցանակաբաշխության կազմակերպիչների փոխանցմամբ, անկախ փորձագետների հանձնախումբը գործում է«Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում: Հանձնախումբը, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիարական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուներին:
«Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի և կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը և խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է մնալ բացարձակ արժեք», - ասել է Չուլպան Խամատովան: «Չափազանց հպարտ եմ, որ ես էլ հնարավորություն ունեմ մասնակից դառնալ այս մարդասիրական շարժմանը և «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության նախընտրական փուլին: Սա շատ կարևոր և պարտավորեցնող փորձառություն է»:
Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի հանձնախմբի անդամներն են Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն դոկտոր Քոմֆորտ Էրոն, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ դոկտոր Մեգո Թերզյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Պեդրո Մուրադյանը, The Elders խմբի նախկին տնօրեն Լեզլի-Աննա Նայթը, Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Արյեհ Նեյերը, ԱՄՆ պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով նախկին օգնական Էրիկ Շվարցը, Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի Մարդու իրավունքների և բիզնեսի կենտրոնի տնօրեն պրոֆ. Մայքլ Պոզները, Crisis Action կազմակերպության արշավների տնօրեն Նիկոլա Ռեյնդորփը, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստեֆան Քյուրքջյանը և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոնաթան Ֆանտոնը:
«Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան և մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թվականի փետրվարին:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ընթացքում ստացվել է 558 հայտ
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի 2016թ. Երախտագիտության կրթաթոշակներ՝ 10 ուսանողների
- Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մրցանակին
- Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել «Ավրորա» մրցանակի թեկնածուի
- Տրվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին