Առողջության պահպանման իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցում. Արփինե Հովհաննիսյան
«Առողջության պահպանման իրավունքը համարվոմ է մարդու իրավունքների և արժանապատիվ կյանքի հիմնաքարային բաղադրիչներից մեկը»,- առողջապահական իրավունքի առաջին «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի բացմանն ունեցած ելույթում ասաց արդարադատության նախարար Արփիեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ առողջության պահպանման իրավունքը սկսած 1964 թվականից արտացոլվել է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում, այսինքն՝ այդ իրավունքն ինքնին միայն ներպետական օրենսդրության սահմաններում շրջափակվող իրավունք չէ. «Եթե մարդու առողջությունը հավուր պատշաճի է, սկզբունքորեն շատ այլ խնդիրներ երկրորդական են դառնում»:
«Պատահական չէ, որ կան իրավունքներ, որոնց համար կամ հանուն որոնց պետությունները միավորում են իրենց ջանքերը: Այս իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցում և կարելի է ասել, որ մնացած բոլոր իրավունքները կամ շաղկապված են իրենց կարևորությամբ այս իրավունքին կամ ստորադասվում են այս իրավունքին»,- նշեց նախարարը:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր պետք է ավելի բարձրաձայն խոսել բուժաշխատողների և պացիենտների իրավունքների պաշտպանության, արդարադատության մատչելիության, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, վերարտադրողական իրավունքների հետ կապված խնդիրների մասին: