«Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» ցուցահանդեսը՝ վարպետի ծննդյան օրը
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում նոյեմբերի 8-ին` Վարպետի ծննդյանը նվիրված, բացվելու է «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» շարքի 4-րդ ցուցահանդեսը: Ներկայացված են լինելու Էդուարդ Իսաբեկյանի ուսանողների` տարբեր տարիների շրջանավարտների գործերը:
Panorama.am-ին ցուցասրահից հայտնեցին, որ ցուցադրվելու են Լիլիթ Ասլանյանի, Լևոն Բաղդասարյանի (Որսորդ, 1920-1999 թթ), Վրույր Գալստյանի (1924-1996 թթ. ), Միքայել Գյուրջյանի (1928-2000 թթ.), Պարուհի Թեփելիկյանի (1925-2008 թթ.), Սեյրան Խաթլամաջյանի (1937-1994 թթ.), Ալբերտ Ծովյանի (1930-2008 թթ,), Ռուբեն Ղևոնդյանի (1942 թ,), Արև Պետրոսյանի (1972 թ, ), Վիգէն Պերթիզեանի (1957թ. ), Հռիփսիմե Քոչարյանի (1957 թ.) աշխատանքները:
Հիշեցնենք, որ «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդեսների շարքի առաջին ցուցահանդեսը բացվել էր 2015-ի մայիսի 16-ին, երկրորդ՝ նոյեմբերին, երրորդը՝ այս տարվա մայիսի 21-ին:
Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը (1914-2007 թթ.) 1945-2000թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963թ-ից` պրոֆեսոր): Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներում:
Իսաբեկյանը Հայաստանի Հանրապետությունում եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը։ Կերպարվեստի բնագավառում 1985 թվականի Հայկական ԽՍՀ պետական մրցանակի են ներկայացված ՀՍԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի «Ավարայրի ճակատամարտը», «Հարսանյաց երթ», «Առավոտ» կտավները և երեք գործ՝ «Անհանգիստ ձիեր» շարքից։ Մրցանակի են արժանացել նաև «Սայաթ-Նովա» և «Խաչատուր Աբովյանի դիմանկարը» աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» հավաքվում են մեկ հարկի տակ
- «Դարձյալ Իսաբեկյան». Ցուցասրահում ներկայացվելու են նոր աշխատանքներ
- Բացվելու է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես
- «Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)