Ցավամոքիչ դեղերի նշանակումը պետք է խթանվի. Սերգեյ Խաչատրյան
«Հայաստանում խոցելի խմբերի առողջության իրավունքը ոտնահարվում է: Այս իրավունքի պաշտպանության համար անհրաժշետ է համակարգային մոտեցում»,- առողջապահական իրավունքի առաջին «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի բացմանն ունեցած ելույթում ասաց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը:
Նրա ներկայացմամբ՝ հիմնական խնդիրների հանդիպում են պոլիատիվ խնամքի, հոգեկան առողջության, դեղերի դուրս գրման գործընթացի, անգործունակության ճանաչման, պացիենտների բժշկական գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության և այլ ոլորտներում:
Լ. Մինասյանը կարևորեց այն, որ պոլիատիվ խնամքի ռազմավարությունն արդեն մշակվել է և կառավարությունում է:
Նրա խոսքով՝ այսօր ցավամոքիչ դեղամիջոցներ, մեծ հաշվով, հասանելի չեն:
«Այսօր ուժեղ ցավերը, որը մշտապես ուղեկցվում է մի շարք հիվանդությունների, առաջին հերթին քաղցկեղի դեպքում, ամոքելու հնարավոություն ունի այդ ցավերից տառապողների ընդամենը 3 տոկոսը: Դեղամիջոցների թե հասանելիության, թե դուրսգրման, թե քանակի հետ կապված խնդիրներ կան: Նաև օրենսդրական խնդիրներ կան: 30 տոկոսն այն պացիենտների, ովքեր չպետք է գտնվեն հոգեբուժարաններում, գտվում են այնտեղ»,- ասաց Լ. Մինասյանը:
Նա ընդգծեց, որ այսօր ՄԱԿ-ում այն մոտեցումն է, որ եթե այդպիսի ցավը չի ամոքվում, հավասար է խոշտանգման:
Համաժողովին ներկա առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ իրենք տարիներ շարունակ իրականացնում են աշխատանք մարդկանց առողջության իրավունքը բարելավելու, կատարելագործելու ուղղությամբ:
«Իրավական կարգավորման իդեալական դաշտ գոյություն չունի, անընդհատ կատարելագործվում է: Կան բազմաթիվ բացեր, որոնք լրացնելու խնդիր ունենք»,- նշեց փոխանարարը:
Համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Ս. Խաչատրյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, վերանայում է այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են կառավարության որոշումներով, նախարարի հրամաններով՝ սահմանված հոգեմետ դեղերի, նարկոտիկների նշանակման կարգերի հետ:
«Հաճախ կարգերի մեջ կան մեծ սահմանափակումներ: Ոչ հաճախ են նշանակվում նման դեղեր, քանի որ հաճախ կարգերը խոչընդոտում են դա անել: Մենք փորձում ենք պարզեցնել կարգերը, հնարավորություն տալ բժիշկներին այդ դեղերի նշանակման ավելի լայն դաշտ կիրառել՝ որպես բժշկական կարիքի գնահատում և դրա հիման վրա նաև բժշկական ցուցումների ժամանակ ավելի լայն շրջանակի հիվանդներին նման դեղերի տրամադրում: Ցավամոքիչ դեղերի նշանակումը պետք է խթանվի»,- ասաց Ս.Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներին մատուցվելու է առողջապահական ծառայություններ՝ կարիքների գնահատման հիման վրա
- Առողջության պահպանման իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցում. Արփինե Հովհաննիսյան
- Երևանում անցկացվում է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողով