Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի շուրջ քաղաքական սկանդալը առնչվել է նաև երկրի ժամանցային արդյունաբերությանը: Այս մասին գրում է yesasia.ru կայքը:
Բանն այն է, որ նախագահը գաղտնի տեղեկատվությունը և քաղաքական փաստաթղթերը հասանելի էր դարձրել իր մոտ ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին:
Բացահայտվել էր, որ կինը խմբագրել է նախագահի առանցքային ճառերի տեքստերը և հետևել նրա զգեստապահարանին: Այն պատճառով, որ քաղաքացիական անձը նման ազդեցություն է ունեցել, երկրում անկարգություններ էին սկսվել՝ մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Նախագահի ընկերուհին ձերբակալվել էր, իսկ վարչակազմում կադրային փոխատեղումներ էին եղել: Սրանով սկանդալը չի ավարտվել:
Վերջերս դեմոկրատական կուսակցության մի ներկայացուցիչ ռադիո-շոուի ժամանակ ասել է, որ նախագահի ընկերուհու ընտանիքի հետ սերտ կապեր ունեն ժամանցային արդյունաբերության հզոր ընկերությունները, նաև հայտնի կատարողներ PSY-ը, Լի Սին Չհոլը: Նաև լուր է տարածվել, որ նախագահի ընկերուհու զարմուհին աշխատել է YG Entertainment-ում: Նշված գործակալությունը և երգիչները հերքել են լուրերը: Սկանդալի մեջ է ներգրավվել նաև մի հեռուստաալիքի կոմերցիոն տնօրենը: Ենթադրվում է, որ նրա միջոցով նախագահի ընկերուհին ազդեցություն է գործել հեռուսաընկերության վրա՝ սեփական հայացքները ներկայացնելու համար:
Անցած շաբաթ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ կվերանայի բոլոր նախագծերը, որոնք ենթադրաբար ենթարկվել են նախագահի ընկերուհու ազդեցությանը:
Հարավային Կորեան վատ համբավ ունի՝ կապված քաղաքական գործիչների շրջանում կոռուպցիոն սկանդալների հետ: Նախագահը նոյեմբերի 4-ին ներողություն էր խնդրել և իր վրա վերցրել քաղաքական խառնաշփոթի հետ կապված ողջ մեղքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում