Քաղաքացիները Հովհաննես Հարությունյանի հարցով պահանջներ են ներկայացրել իրավասու մարմիններին
«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնության անդամներրն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մի քանի պահանջներ են ներկայացրել ՄԻՊ աշխատակազմին և պատկան մարմիններին:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, վիրավորվել էր հուլիսին: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա վիրավոր ոտքից հանել են բեկորներ և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Օրերս Հարությունյանի պաշտպանը հայտարարել էր, թե Հովհաննեսի ոտքը սևացել է, բարակել, և նա մտածում է նույնիսկ ոտքը կտրելու մասին: «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Panorama.am-ին հայտնեց, որ անդամահատումը բացառվում է և Հովհաննեսի ոտքի հետագա առողջացումը կախված է իրենից:
«Նա պետք է վաժություններ կատարի»,-ասել էր Մանուկյանը:
Քաղաքացիական ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ներկայացրեց, որ մասնավորապես, պահանջներից առաջնային է` թույլատրել նախաձեռնության կողմից վստահված պատվիրակությանը տեսակցել Հովհաննես Հարությունյանին, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` հետազոտության:
Բացի այդ, նախաձեռնությունը պահանջներ է ներկայացրել նաև առողջապահության ու արդարադատության նախարարություններին, «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ-ին, ԱՆ Քրեակատարողական վարչությանը և ՄԻՊ աշխատակազմին՝ ներկայացնել պարզաբանումներ` Հովհաննես Հարությունյանին «պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում առաջացած ողջ խառնաշփոթի համար»:
Նախաձեռնությունը պահանջում է նաև պատասխանել, թե ինչո՞ւ չի իրականացվել վիրահատություն, քանի որ հուլիսի 26-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոցի» վիրաբուժական բաժանմունք, իսկ բժիշկների կողմից բազմիցս հայտարարվել է վիրահատության անհրաժեշտության մասին` պարբերաբար հետաձգելով այն։
Այս պահանջները 48 ժամվա ընթացքում չբավարարելու դեպքում «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնությունը պահանջելու է՝ աշխատանքից ազատել Մարդու Իրավունքների պաշտպանին, ՀՀ Առողջապահության նախարարին, Արդարադատության նախարարին, «Էրեբունի» ԲԿ տնօրենին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին:
« Պահանջները չկատարելու դեպքում քաղաքացիական նախաձեռնությունն այս հարցը միջազգայնացնում է ու ապահովում Հովհաննես Հարությունյանի բժշկական օգնությունը», -ներկայացրեց Դավիթ Սանասարյանը:
Պահանջների մասին փաստաթուղթը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հանձնելիս ակցիայի մասնակից Թամար Հովհաննիսյանը ՄԻՊ տեղակալ Արման Փաշինյանի հետ զրույցում ասաց, որ որպեսզի Հովհաննեսի առողջական վիճակի մասին տարակարծություն կամ խառնաշփոթ չլինի, հարազատները պետք է «անձամբ հանդիպեն նրան, տեսնեն վիճակը»:
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ տեսակցությունների արգելքը վերացնելու մասին դիմումները ՄԻՊ գրասենյակը նոյեմբերի 2-ին փոստային ծառայության միջոցով ուղղել է Գլխավոր դատախազություն և Արդարադատության նախարարություն՝ պարզաբանումներ պահանջելու:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի. Բժիշկը՝ Փաշինյանին
- Հովհաննեսի ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել. ՄԻՊ
- Ոտքը սևանալու և նրան անդամահատելու խնդիր չկա, դա բացառված բան է. Բժիշկը՝ Հովհաննեսի վիճակի մասին