Ջեռուցում չմիացրած տնօրենները պատասխանատվության կենթարկվեն
Ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերը դեռևս միացված չեն:
«Արդեն մի քանի տարի է` հստակ հայտարարում եմ, որ ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի: Մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոս ամսին»,-ասել է Տ. Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետը նշել է, որ համապատասխան լիազորություններ են տվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը:
«Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսում անե՞լ: Ի վերջո խոսքն այս դեպքում մեր երեխաների առողջությանն է վերաբերում, ու նրանց առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության», - ընդգծել է նա:
Տ. Մարգարյանը հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արձանագրված բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են: