Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած հայ ֆուտբոլիստներն այսօր կժամանեն Երևան
Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը, հաջողությամբ հաղթահարելով Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլը, դուրս եկավ էլիտ-ռաունդ, որի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մեր հավաքականի այս հաջողությունը կարելի է համարել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ստրատեգիական ծրագրի շրջանակներում ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ ընդամենը 2 տարի առաջ մեկնարկած «ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում» ծրագրի առաջին արդյունքներից մեկը:
2014 թ. օգոստոսի 8-ին այս ծրագրի շրջանակներում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեցին սելեկցիոն աշխատանքները, որոնց ընթացքում «Բանանց», «Փյունիկ», «Միկա», «Արարատ» ակումբների, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի 2000 և 2001 թթ. ծնված շուրջ 150 երեխաներ, բաժանվելով թիմերի, անցկացրեցին երկօրյա մինի-մրցաշար:
Արդյունքում ընտրվեցին 2000 և 2001 թթ. ծնված 20-ական երեխա, որոնք էլ կազմավորեցին Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների ազգային հավաքականները: Այս երեխաներն ապրում, սնվում, մարզվում և դպրոց էին հաճախում միասին՝ գտնվելով մարզիչների և հրահանգիչների մշտական հսկողության ներքո: Ընդամենը 2 տարի անց հենց 2014 թ. ձևավորված Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները կազմեցին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կորիզը, որը կարողացավ նվաճել էլիտ-ռաունդի ուղեգիր:
Հավելենք, որ հավաքականն այսօր ուշ երեկոյան Կիև-Երևան չվերթով կվերադառնա հայրենիք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում