Հայաստանը Լոնդոնում մասնակցում է «WTM 2016» զբոսաշրջային ցուցահանդեսին
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ` տեղական երեք զբոսաշրջային ընկերություն նոյեմբերի 7-9-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում միասնական տաղավարով մասնակցում են «WTM 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ,
World Travel Market-ն աշխարհում մեծությամբ երկրորդ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ հայաստանյան տաղավարն այցելուներին ներկայացնում է մեր երկրի` էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ցուցադրում նաև դեպի առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացության զբոսաշրջային ուղղությունը: Հայկական զբոսաշրջային կազմակերպությունները Լոնդոն են մեկնել՝ գործընկերներին հանդիպելու, նոր կապեր հաստատելու, հնարավոր պայմանագրեր կնքելու:
«Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությամբ մենք ապահովում ենք Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումն ու մեր երկրի մասին իրազեկվածության բարձրացումը համաշխարհային շուկայում: Լոնդոնյան ցուցահանդեսը, հատկապես, թույլ կտա ոչ միայն եվրոպացի, այլև աշխարհի 180-ից ավելի երկրների զբոսաշրջային կազմակերպություններին, գործակալներին և այցելուներին ներկայացնել դեպի Հայաստան և Արցախ գրավիչ տուրիստական ուղղությունները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
37-րդ անգամ անցկացվող լոնդոնյան ցուցահանդեսին վերջին տարիներին մասնակցում է ավելի քան 5 հազար ընկերություն և 50 հազար այլ մասնակիցներ՝ շուրջ 180 երկրներից:
Հիմնադրամից հայտնում են, որ շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում «IFTM Top Resa-2016» ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցության արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել 2017-ի հունիսին Հայաստանում հյուրընկալելու 160 տուրիստական գործակալների, որոնք սեփական ծախսերով կժամանեն մեր երկիր՝ ծանոթանալու այստեղի զբոսաշրջային հնարավորություններին :