Ախուրյանցի անօթևաններն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում
Ախուրյանի 3 բազմաբնակարանների արտաքին շինաշխատանքներն արդեն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Ախուրյանում: «Ես կարևորում եմ, որ շինաշխատանքները որակյալ և ժամանակին ավարտվեն, քանզի, ինքներդ էլ գիտեք, որ մեր մարզում եղանակներն այս շրջանում այնքան էլ բարենպաստ չեն: Ուրախալին այն է, որ արտաքին կառուցապատման աշխատանքներն ավարտված են, իսկ ներքին հարդարումը կհասցնենք մինչև դեկտեմբերի 20-ը: Վստահեցնում եմ` որակի մասին անգամ չպետք է անհանգստանալ, բոլոր պատասխանատուները գիտեն, որ թերությունների մասին խոսք լինել չի կարող, բոլորս աչալրջորեն հեևում ենք» ,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովսեփ Սիմոնյանը:
Մարզպետը տեղեկացրել է, որ 2017 թվականի հունվարի մեկը բնակիչները կդիմավորեն նոր բնակարաններում, իսկ ներքին հարդարումից զատ նրանց համար կգնվեն գազօջախներ:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44,485.2 հազ. դրամ գումարը տրամադրել «Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում» ծրագրի իրականացմանը:
Կայքից նաև տեղեկանում ենք, որ 2016թվականի պետական բյուջեով Շիրակի մարզին հատկացվել էր 798մլն դրամ գումար` Ախուրյանի 3 անավարտ կիսակառույց շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որի արդյունքում բնակարանատեր կդառնա 104 ընտանիք: Ինչ վերաբերում է անօթևանի կարգավիճակ ունեցող ախուրյանցի մյուս 36 ընտանիքներին, ապա նրանք արդեն ընդգրկվել են բգվ ծրագրում, 33 ընտանիքներ բնակարաններ են ձեռք բերել, ևս երկուսն էլ գտել են անհարաժեշտ բնարակարններն ու այժմ գնման գործընթացն են իրականացնում, մնում է մեկ ընտանիք, որը դեռևս 15 օր ժամանակ ունի նոր բնակարան գնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կլուծվեն Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները
- Շիրակում կա տնակային տնտեսություններում ապրող 2000 ընտանիք
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է