«Marca». Վնասվածքից հետո Մխիթարյանը դադարել է «Օլդ Տրաֆորդի» հերոսը լինել
Իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նրա շուրջ ստեղծված իրավիճակին:
Պարբերականի, ինչպես նաև երկրպագուների համար շարունակում է հանելուկ մնալ, թե ի՞նչ է կատարվում հայ ֆուտբոլիստի հետ, ով Դորտմունդի «Բորուսիայում» հիանալի մրցաշրջան անցկացնելուց հետո Անգլիայում գտնված 4 ամիսների ընթացքում խաղադաշտում է եղել ընդամենը 133 րոպե:
«Հասկանալի է, որ վնասվածքից հետո ֆուտբոլիստը պետք է վերականգնվի, հետո լավ մարզավիճակ ձեռք բերի և նոր միայն վերադառնա խաղադաշտ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկ հայտարարում է, որ Մխիթարյանն արդեն ապաքինվել է, իսկ հետո ասում է, թե նրան ժամանակ է հարկավոր: Անհասկանալի է, թե ինչ է կատարվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաթանկ ձեռբերումներից մեկի հետ, սակայն ակնհայտ է, որ վնասվածքից հետո Հենրիխը դադարել է «Օլդ Տրաֆորդի» հերոսը լինել»,- գրել է «Marca»-ն:
Ի հավելում՝ պարբերականը զարմանք է հայտնել, որ նման բարձրակարգ ֆուտբոլիստը տեղ չի գտնում անգամ պահեստայինների նստարանին, իսկ սա արդեն ոչ վատ մարզավիճակի խնդիր է, ոչ էլ վնասվածքի, այլ գլուխկոտրուկ, որը դեռ պետք է լուծել: