Այսօր մենք ունենք արյունաբանական գերժամանակակից կենտրոն. Սմբատ Դաղբաշյան
«ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն այսօր վերածնունդ է ապրում»,-Արյունաբանական արդիականացված կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնում ներդրվել է այն ամենն, ինչ որ կա զարգացած երկրների արյունաբանական կենտրոններում. «Մեր երեխաներն այլևս արտերկիր մեկներլու և այնտեղ բուժում ստանալու կարիք չունեն, այն ինչ որ իրենք պետք է ստանային արտերկրում՝ կարող են ստանալ այստեղ»:
Բաբլոյանը նշեց, որ շենքի վերակառուցման ընթացքում տնօրենը կարողացել է իր մասնագիտական թիմին վերապատրաստել ամենաառաջատար եվրոպական կենտրոններում և ամեն մասնագետ արդեն տիրապետում է իր մասնագիտական սարքին:
Արյունաբանական կենտրոնի արդիկանացումն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Նշենք, որ վերակառուցման ընթացքում կենտրոնը հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և միակն են հանրապետությունում: Այն վերազինվել է արյան բաղադրամասերի ճառագայթման սարքավորմամբ, թվային համակարգչային շերտագրով, ստացիոնար և շարժական ռենտգեն սարքերով և ուլտրաձայնային սարքավորումներով:
Շուրջ 8200 քմ մակերես ունեցող կենտրոնի արդիականացման ընթացքում կիրառվել են մի շարք նորարարական տեխնոլոգիաներ և մոտեցումներ: Առաջին անգամ Հայաստանում առկա շինության հիմնային մասում տեղադրվել են 117 ռետինե-մետաղական սեյսմամեկուսիչներ, որոնց միջոցով ապահովվել է շենքի 9 բալ սեյսմակայությունը:
«Այսօր մենք ունենք արյունաբանական գերժամանակակից կենտրոն, որը պատրաստ է ընդունել 6 հազարի հիվանդի: Սա տարածաշրջանում եզակի կենտրոն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Տնօրենն առանձնակի կարևորեց կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանամունքի հիմնումը, որի շնորհիվ ոսկրածուծի փոխպատվաստումը հասանելի կդառնա նաև նաև մեր երկրում. «Այդտեղ մենք կկատարենք տարեկան շուրջ 60 փոխպատվաստում և դրանց համար այլևս անհրաժեշտություն չի լինի մեկնել արտերկիր; Այդ փոխպատվաստումները պետք է կատարվեն «Նվիրիր կյանք» հիմնադրամի և կառավարության միջոցների հաշվին»:
Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրեց, որ կենտրոնի հին մասնաշենքից նոր մասնաշենք հիվանդենրի տեղափոխումը կկատարվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, իսկ հին մասնաշենքը կծառայի որպես արյան բանկ, որտեղ արյուն կհավաքագրվի:
«Ասում են հարազատ պատերն էլ են օգնում ու մեր երեխաներն արդեն կարող են բուժվել մեր երկրում, մեր հողում: Շատ սպասված էր վերակառուցված կենտրոնի բացումը: Արդեն այստեղ կարող են բուժել ոչ միայն հայ, այլև այն երկրների մանուկները, որտեղ ժամանակին մեր երեխաներն են գնացել բուժվել ու ապաքինված վերադարձել»,- հավելեց «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը:
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ներկա է գտնվել Արյունաբանական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը
- Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին
- Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքների մասին
- Արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են