«Երևանի երաժշտական գունապնակ»-ը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի համերգասրահում
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո այցելուների համար կբացվի նոյեմբերի 9-ին: Թանգարանում գործելու է նաև համերգասրահ, որտեղ առաջին համերգը կկայանա այսօր: «Երևանի երաժշտական գունապնակ» նախագծի հեղինակն է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:
«Նորաբաց թանգարանում կա համերգային դահլիճ, որը շատ հարմար է կամերային համերգների համար: Լինելու է դասական համերգների շարք և «Երևանի երաժշտական գունապնակ» նախագիծը, որի մեկնարկը տրվելու է այսօր: Սա լինելու է համերգաշար, որը կոչված է ներկայացնելու մայրաքաղաքի ամենատարբեր երաժշտական դրսևորումները: Նպատակն է՝ հանդիսատեսին ներկայացնել երևանյան երաժշտական բազմազան գունապնակը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վահան Արծրունին:
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում ներկայացվելու է ֆոլկ, ակուստիկ, հեղինակային, ջազ երաժշտություն: Նախագծի հեղինակն ասաց, որ ամեն համերգին լինելու է տարբեր ժանրի երաժշտություն, կատարողներ:
Նախագծի մեկնարկը տրվելու է հենց Վահան Արծրունու «Trio nuovo» խմբի (Վահան Արծրունի՝ վոկալ, կիթառ Մադաթ Ավանեսով՝ ստեղնաշար, Նելլի Մանուկյան՝ ֆլեյտա) համերգով: