«Մանկական Եվրատեսիլ»-ում պայքարը բարդանում է. Գոհար Գասպարյան
««Մանկական Եվրատեսիլ-2016» հայաստնյան շոուն լինելու է աղջկական, քանի որ բեմին լինելու են միայն աղջիկներ՝ երկու երգչուհի, չորս պարուհի: Լինելու է պարային ներկայացում: Իհարկե, շեշտը դնելու ենք տարբերությունների վրա: Այն, ինչ մտածել ենք շոուի հետ կապված, եթե տեխնիկապես ստացվի, կլինի կախարդական շոու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նա հիշեցրեց, որ միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանն ընտրվել են ներքին ընտրությամբ:
«Մենք չէինք կողմնորոշվում՝ Մերին, թե Անահիտը: Որոշեցինք, որ ամենաազնիվ տարբերակը կլինի երկուսին միասին հանել բեմահարթակ»,- նշեց Գ.Գասպարյանը՝ հավելելով, որ եթե երեխաները չհուզվեն, լավ հորիզոնականներ կարող են զբաղեցնել:
Նա ասաց, որ մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել. «Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիները, ինչպես նաև դահլիճում կլինի փորձագետների ժյուրի՝ կազմված 3 եվրոպացի արվեստագետներից: Բոլորը միավորները կգումարվեն իրար և կորոշվի մրցույթի հաղթողը»:
«Պայքարը բարդանում է, բայց մեր երեխաները օր ու գիշեր աշխատում են, լավ հանդես գալու համար ջանք չեն խնայում»,- նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Ասուլիսին ներկա Մերին ու Անահիտն ասացին, որ իրենց հիմնական նպատակն է՝ պատվով ներկայացնել Հայաստանը, լավ հանդես գալ և հաղթել:
«Մենք ուզում ենք, որ մեր երգի տակ բոլորը պարեն, բոլորին դուրս գա այն»,- ասաց Մերին:
Աղջիկները շատ տարբեր են, բայց, ինչպես նշեցին նրանք, դա չի խանգարում իրենց լավ ընկերուհիներ լինել:
Նշենք, որ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» երգով: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում:Հայկական պատվիրակությունը Մալթա կմեկնի նոյեմբերի 12-ին, արդեն հաջորդ օրվանից կսկսվեն փորձերը:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: