«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքն անակնկալներ է պատրաստել երաժշտասերների համար
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավանդական դարձած «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքն անակնկալներ է պատրաստել երաժշտասերների համար: Երրորդ տարին կազմակերպվող նախագիծը մինչև տարեվերջ կներկայացնի հետաքրքիր համերգային երեկոներ: Այս մասին հայտնում են տուն-թանգարանից:
«Այս ծրագիրը տարբերվում է սովորական համերգային երեկոներից: Հանդիսատեսը հնարավորություն է ստանում շփվել երաժիշտ-կատարողի հետ: Կատարողները, ովքեր ներկայացնում են ստեղծագործություններ, կարող են նաև պատմել այս կամ այն գործի մասին: «Երաժշտական հինգշաբթի»-ն հնարավորություն է տալիս հանդիսատեսին համերգի ընդմիջման ժամանակ պտտվել թանգարանի ցուցասրահներով, այսինքն` մեկ տոմսով մարդիկ կարող են վայելել երաժշտություն և այցելել թանգարան»,-նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա «Նաղաշ» համույթը: Կոլեկտիվի անդամներ են Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Տաթևիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Արամ Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ) և Ջոն Հոդյանը (դաշնամուր): «Նաղաշ»-ի կատարմամբ հնչող երգերը ստեղծվել են միջնադարյան հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա (XVդար):
Նոյեմբերի 24-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը կլինի դաշնակահար Ռոնե Բոյսեն (Կանադա), ով թանգարանում հանդես գալու մեծ ցանկություն է հայտնել: Նա կներկայացնի հետաքրքիր ծրագիր` բաղկացած Բեթհովենի, Ռավելի գործերից, ինչպես նաև մշակութային օջախի խնդրանքով կկատարի Խաչատրյանի ստեղծագործություններից:
Իսկ դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 90-րդ հոբելյանը: Կկազմակերպվի «Երկու ընկեր» խորագրով երեկո` նվիրված Ավետիսյանի և երգիչ Հովհաննես Բադալյանի ընկերությանը: Միջոցառմանը կմասնակցեն Պողոս Եղիազարը (վոկալ) և Նունե Մելիք-Վրթանեսյանը (դաշնամուր):