ՀՀ մշտական բնակչության 52.3%-ը կանայք են. ԱՎԾ
2016թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 998.6 հազ.մարդ և 2015թ. տարեսկզբի համեմատ այն նվազել է 12 հազ.մարդով, որը ձևավորվել է հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» զեկույցում, որտեղ ներկայացված են 2015թ-ին բնակչության թվաքանակի միտումները, միգրացիայի և աղքատության վերաբերյալ ցուցանիշներ, տեղեկանում ենք, որ 2016թ. տարեսկզբի դրությամբ արձանագրված ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել է 63.6%, իսկ գյուղականինը՝ 36.4%, ՀՀ 2001թ. մարդահամարին արձանագրված՝ 64.3% և 35.7% համեմատ:
2016թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության 47.7%-ը կազմել է արական, իսկ 52.3%-ը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը, 2016թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35.9 տարի, սեռերի զգալի տարբերությամբ՝ 34.1 տարի արական սեռի համար և 37.6՝ իգական սեռի համար: