Մխիթարյանն «անգլիական հարցերի» պատասխանները պետք է տա Երևանում
Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրելով փայլուն խաղ և Բունդեսլիգայում խաղացող ֆուտբոլիստների կողմից ճանաչվելով Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշեց առաջընթաց քայլ կատարել իր կարիերայում՝ տեղափոխվելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տեղեկություններ տարածվեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդին» միայն վերջին պահին է հաջողվել Մխիթարյանին փախցնել լոնդոնյան «Արսենալից», որը գրեթե համաձայնեցրել էր հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Բացի այդ, Մխիթարյանի ծառայություններով անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էր հետաքրքրված։ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում ստեղծագործական բաղադրիչը գրեթե կաղում էր, և պորտուգալացի մասնագետը նպատակ ուներ լուծել այդ խնդիրը, որը, ըստ նրա, Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստի հնարավորությունների սահմաններում էր, քանզի նա շատ բարձր արդյունք էր արձանագրել «Բորուսիայում»՝ 2015-2016 թթ. մրցաշրջանում գոլերի ու գոլային փոխանցումների քանակը հասցնելով 55-ի։
Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է նաև շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ու ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը, ժամանակին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ապահովել նշված երեք ֆուտբոլիստների տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ես միշտ իմ ֆուտբոլիստներին ասում եմ, որ մենք կգնանք այնտեղ, որտեղ մեզ սպասում են։ «Յունայթեդը» միշտ կլինի աշխարհի խոշորագույն ակումբներից մեկը, անկախ հեղինակությունից ու բանկային հաշվեհամարի կարողությունից։ Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա չի խաղում Չեմպիոնների լիգայում, և նրանք չեմպիոն չեն դարձել, սակայն մեր կարիքն ունեն։
…Մխիթարյանի հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ էր։ Մենք գործնականում պայմանավորվել էինք Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի հետ, սակայն «Բորուսիան» չէր պատրաստվում բաց թողնել նրան։ Այդ ժամանակ «Յունայթեդն» ստիպված էր ճնշում գործադրել նրանց վրա»,- հայտարարել էր Մինո Ռայոլան։
Մինո Ռայոլան սովորաբար չի լռում, երբ նրա ֆուտբոլիստները հայտնվում են ծանր իրավիճակներում։ Երկար տարիներ նա ամեն կերպ պաշտպանում էր Մարիո Բալոտելլիին, ով իր բնավորության պատճառով համառորեն անդունդն էր գլորվում։ Եվ դա հասկանալի է՝ Մինոն մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի բազմակի վաճառքից լուրջ գումարներ վաստակելու արտակարգ ընդունակություններ ունի։ Մխիթարյանի պարագայում, սակայն, նա ոչինչ չի անում, ավելին՝ ոչինչ չի ասում։ Չի բացատրում, թե ինչպես է, որ հայ ֆուտբոլիստը չի հայտնվել այնտեղ, որտեղ իրեն սպասում են, թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդում» այժմ չեն վստահում նրան, չնայած ժամանակին ամեն ինչ արել են, որպեսզի հայ ֆուտբոլիստին փախցնեն «Արսենալից» ու այդ նպատակով ոչ միայն ճնշել են «Բորուսիային», այլև համաձայնվել են վճարել 42 մլն եվրո։ Եվ այդքանից հետո Մխիթարյանը մինչ օրս խաղադաշտում ընդամենը 113 րոպե է անցկացրել։
Իսկ միգուցե խնդիրը հենց «Արսենալի» հզորացումը չթույլատրե՞լն էր։ Դա վարկածներից մեկն է, որը ոչ ոք չի խոստովանի այդ ակումբում։ Մինո Ռայոլայի լռությունը և Մոուրինյոյի՝ Մխիթարյանի վերաբերյալ միահեծան որոշումներ կայացնելու պատրաստակամությունը ֆուտբոլային դավադրություն են հիշեցնում։ Եթե կիրառվեր «հանուն« սկզբունքը, լուրջ գումարներ արժեցող ֆուտբոլիստը պետք է խաղար ու խաղի միջոցով լավ մարզավիճակ ձեռք բերեր, և նույնիսկ ամենացածր կարգի մասնագետը հասկանում է դա, էլ ուր մնաց՝ Մոուրինյոն չհասկանար։ Բայց կարծես թե ոչ մեկին էլ չի հուզում ծախսված 42 մլն եվրոն։ Մինո Ռայոլային, ով պայքարում է յուրաքանչյուր կոպեկի համար և, ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհում շահասեր մարդու համբավ ունի, կարծես թե չի անհանգստացնում, որ օրեցօր ավելի ու ավելի է նվազում իր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ «Ընդդեմ» սկզբունքը՝ ամեն գնով հիմնական մրցակիցներից մեկի հզորացումը կանխելը, կարծես թե աշխատեց։ Եկավ պատճառաբանությունների ժամանակը...
Մրցաշրջանի մեկնարկում անցկացնելով մի քանի խաղ՝ Հենրիխ Մխիթարյանը, չնայած միշտ փոխարինման էր մտնում, արագություն էր հաղորդում թիմի հարձակողական գործողություններին, կենտրոնում երկար ուղերթերով նետվում դեպի մրցակցի տուգանային հրապարակ ու ազատ տարածություններ ստեղծում խաղընկերների համար, գործում էր շատ համարձակ ու խաղադաշտը տեսնելու լավ որակներ դրսևորում։ Ակնհայտ էր, որ նա ծեծում է թիմի հիմնական կազմի դռները, սակայն գրանցվեց անսպասելին... Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղում հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ ու հեռացավ ազգային թիմի ճամբարից՝ վերադառնալով «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական ակումբը խնդրանքով դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պաշտոնական հաջորդ խաղին չհրավիրել Մխիթարյանին և նրան լիարժեք ապաքինվելու հնարավորություն տալ։ Ավելի ուշ Մոուրինյոն վնասվածքից նոր ապաքինված ֆուտբոլիստին ընդգրկեց «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հիմնական կազմում և առաջին խաղակեսից հետո փոխարինեց։ Այո, Հենրիխը ծեծում էր հիմնական կազմի դռները, Մոուրինյոն բացեց դրանք, սակայն այնպիսի պայմաններում ու այնպիսի ժամանակ, որպեսզի Մխիթարյանը լիարժեք դրսևորելու հնարավորություն չունենա։ Իսկ հետո նրան նույնիսկ պահեստայինների նստարանից հեռացրեց։ Սպասումները, որ, ահա, Հենրիխը կրկին խաղադաշտ կվերադառնա, չարդարացան։ Միայն «Բարնլիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը նորից հնարավորություն ստացավ, սակայն արդեն այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» թիմային շարժումն ամբողջովին դադարել էր։ Մխիթարյանն անընդհատ փորձում էր բացվել, սակայն թիմակիցները համառորեն չէին նկատում նրա ջանքերը...
Այս հարցերը, իհարկե, հանգիստ չեն տալիս ֆուտբոլային հանրությանը, և շատերն իսկապես դավադրության հոտ են առնում։ Հենրիխ Մխիթարյանն այժմ Հայաստանի ազգային հավաքականում է, այնտեղ, որտեղ գնահատում ու սիրում են իրեն, այնտեղ, որտեղ հավատում ու վստահում են իրեն։ Եվ հենց այսպիսի մթնոլորտում է նա դրսևորում իր «կործանարար» ուժը՝ սարսափի մատնելով մրցակիցների պաշտպաններին։ Չեռնոգորիայի ընտրանու հետ նոյեմբերի 11-ին Երևանում կայանալիք հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդում» իր հանդեպ կիրառվող մոտեցման սնանկությունն ու անհեռանկարայնությունն ապացուցելու եզակի հնարավորություն է, և մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, անկախ Մխիթարյանի խաղային փորձի պակասից, պետք է նրան ընդգրկի հիմնական կազմում։ Ֆուտբոլիստը ցանկացած բանի պակաս կլրացնի իր ջանասիրությամբ ու շատերին շատ բան ապացուցելու հզոր ցանկությամբ։ Սա միանշանակ է։
Այո, Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմի առաջատարն է, այո, նրա բացակայությունն ազդում է թիմակիցների վստահության վրա, այո, նա Հայաստանը ներկայացնում է ողջ աշխարհում ու ստիպում խոսել մեր մասին։ Այս ամենը կարևոր են, սակայն Հենրիխ Մխիթարյանի մեծագույն առաքելությունն այլ բանի մեջ է. նա մեզ «ստիպել» է երազել և, ըստ էության, հայկական ֆուտբոլի փայլուն ապագայի երազանքի մարմնավորողն է, այդ երազանքի արմատը։ Եվ պատահական չէ, որ նրա ցավը յուրաքանչյուր հայի ցավն է, նրա խնդիրները բոլորինս են։ Չեռնոգորցիների դեմ խաղում նրա խաղադաշտ մտնելն այլընտրանք չունի. աշխարհը պետք է տեսնի, թե որքանով են Մոուրինյոյի պատճառաբանությունները հիմնավոր կամ հիմնազուրկ, և արդյոք Հենրիխն իր խաղամակարդակով զիջո՞ւմ է Լինգարդին ու Մարսիալին։ Մխիթարյանն «անգլիական հարցերի» պատասխանները պետք է տա Երևանում։
Հայ ֆուտբոլիստը, բոլորին է հայտնի, համեստ, ինտելիգենտ անհատականություն է և հաճախ կարող է խնդիրներ ունենալ՝ բախվելով այլ բնավորությունների հետ։ Ուղղակի պետք է հավատալ, վստահել ու ոգևորել նրան, և նա կպատասխանի նույն կերպ։ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այդպես վարվեց, և հայ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում այդ վստահությանը պատասխանեց 55 գոլով ու գոլային փոխանցմամբ։ Մոուրինյոն գիտի այդ մասին, բայց լիովին այլ տրամաբանություն է կիրառում։ Եվ հարց է առաջանում՝ արդյոք նա իսկապես ցանկանո՞ւմ է, որպեսզի Մխիթարյանն ազատվի հոգեբանական բեռից ու վերագտնի հաղթողի ոգին։ Այս հարցի պատասխանին, սակայն, նույնիսկ չարժե սպասել. Հենրիխ Մխիթարյանը նոյեմբերի 11-ին համաշխարհային ֆուտբոլային հանրությանը պետք է հստակ պատասխան տա իր խաղով ու քայլի հայկական ֆուտբոլային երազանքի իրականացման ճանապարհով, եթե նույնիսկ դա պահանջի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ի վերջո, տունը կարող է գեղեցիկ ու շքեղ լինել, բայց չլինել քոնը իր ճնշող «մեծամտությամբ»։ Հենրիխը պետք է գտնի այն տունը, որտեղ կկարողանա իր խաղով հայ մանուկների մեջ արթուն պահել ֆուտբոլային մեծ երազանքը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում