Լևոն Ալթունյանն առաջարկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացնել հեռաբժշկությունը
Այսօր Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու և Շիրակի մարզի հիվանդներին։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համատեղ իրականացվող ծրագրերից դեսպանն ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ռուսական ծրագրի շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում` շարժական բժշկական-ախտորոշիչ երկու կենտրոնի նվիրաբերումը: Սա լուրջ ներդրում է հանրապետության հեռավոր բնակավայրերի բնակչության և առաջին հերթին աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկման բարելավման ոլորտում:
Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության հետ առողջապահության ոլորտում համագործակցության արդյունքները` Լևոն Ալթունյանն առաջարկել է երկու երկրի միջև զարգացնել հեռաբժշկությունը` մշտական մասնագիտական կապ ապահովելով թե՛ հիվանդանոցների, թե՛ նեղ մասնագետների միջև։ Նախարարը կարևորել է հատկապես Հայաստանի ծննդատների հեռակապը Ռուսաստանի Դաշնության առաջատար ծննդատների հետ։
Նախարարը և դեսպանը նշել են, որ բոլոր հիմքերը կան առողջապահության ոլորտում երկու երկրի հարաբերությունները զարգացնելու համար։