«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել է 30 աշխատանք
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ, որի նպատակն է խթանել այն երիտասարդներին, որոնք ունեն նորարարարական գաղափարներ՝ գյուղատնտեսությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։
Մրցույթն անցկացվում է գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական և դեղագործական գիտություններ, տեխնիկական գիտություններ անվանակարգերով:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, մրցույթի հիմնական նպատակն է աջակցել շնորհաշատ երիտասարդներին, որոնք տարբեր բնագավառներում ունենում են որոշակի նորարարական մոտեցումներ, բայց դրանք շատ հաճախ կյանքի չեն կոչվում: Մինչդեռ, ըստ նրա, 21-րդ դարում մրցունակ երկիր, մրցունակ տնտեսություն ունենալու առաջին գրավականը նորարարական գաղափարներն են:
«Հավատացնում եմ, որ ոչ մի հանքահումքային ռեսուրս չի կարող փոխարինել նորարարական որևէ կենսունակ գաղափարի»,- ասաց Արսեն Քարամյանը:
Նրա խոսքերով՝ այս մրցույթը այն ճանապարհներից մեկն է, որ հնարավորություն կտա բացահայտել երիտասարդ մասնագետներին:
Այսպիսով, ըստ փոխնախարարի, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու նախաձեռնությունները:
Արսեն Քարամյանը հայտնեց, որ մրցույցին ներկայացվել է 30 աշխատանք և նախագծերը գնահատելիս հաշվի են առնվել ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը, գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը, նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը, դրանց հասնելու ուղիների հստակությունը, թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը:
Ըստ փոխնախարարի՝ ձևավորվել է փորձագիտական հանձնաժողով և կազմկոմիտեն նոյեմբերի վերջին կամփոփի հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի չորս հաղթող նախագծերը: Հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ, որը կբաժանվի 4 հաղթողների միջև:
Արսեն Քարամյանը նշեց նաև, որ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցութի հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները