Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Թրամփ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:
Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:
Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը:
Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը շնորհավորել է Թրամփին
- ԱՄՆ դեսպան. Ով էլ ընտրվի, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի կայուն գործընկերը
- Մենք համագործակցելու ենք և ոչ թե հակամարտելու. Թրամփի առաջին ելույթը նախագահի պաշտոնում
- ԱՄՆ հաջորդ նախագահը Դոնալդ Թրամփն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան