Արմեն Աշոտյանը, Լեդի Գագան և Արամ Ասատրյանը
«Ես, ինքս ինձ համարում եմ բավականաչափ ինտելեկտուալ, մշակութային մարդ, բայց պետք է խոստովանեմ, որ իմ և իմ սերնդի բազմաթիվ երիտասարդներ օրինակ 90-ականներին իրենց մշակութային միջոցառումները անում էին Արամ Ասատրյանի երաժշտության ներքո: Ես անկեղծ եմ, չեմ սիրում սնոբիզմը», -«Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Էջմիածնում փողոցներից մեկը Արամ Ասատրյանի անունով անվանակոչելուն:
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել այն, թե ում է սիրում ժողովուրդը, ոչ թե էլիտան:
«Իհարկե, Էլիտան պարտավոր է ձևավորել մշակութային ճաշակ, բայց դա չի կարող անել մանիպուլացիայի միջոցով: Տեսեք՝ Լեդի Գագան ամերիկյան ամենահայտնի ռաբիս երգչուհիներից մեկն է՝ կերպարային, պահվածքային, էպատաժային իմաստով: Սևական երաժշտության մի մասը ծնվել է որպես այդպիսին՝ աշխատավորների մշակույթ: Անգամ «սոուլ» ոճի երաժշտությունը, որը լսողը միշտ համարվել է բարձր ճաշակի մարդ, ժամանակին այդ ամբողջը եղել է աշխատավորի կրթական և մշակութային բարձր ցենզ չունեցող մարդկանց երաժշտություն», -կարծիքը ներկայացրեց Աշոտյանը:
Նա ասաց, որ այս համեմատությամբ հասկացնում է, թե չպետք է սևեռվել նման հարցերի վրա ու լինել ազնիվ՝ էջմիածնեցիներն են ընտրել իրենց իշխանություններին, որոնք էլ նման որոշում են կայացրել: Աշոտյանը նկատեց, որ օրինակ, Լեդի Գագայի անունով նույնիսկ տիեզերքում աստղ կա:
«Նման հարցերը պետք է թողնել էջմիածնեցիների որոշմանը: Ես անձամբ նման առաջարկությամբ հանդես չէի գա, բայց եթե նման առաջարկություն անում են մարդիկ, որոնց համար Արամ Ասատրյանը իրենց լավ քաղաքացին է, իրենց համար լեգենդ է, շատ բնական է», -հավելեց Աշոտյանը:
Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր, թե հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության քարոզարշավի նախընտրական երգը ինքը՝ Աշոտյանը գրի՝ հաշվի առնելով այն, որ նա «մի քանի երգերի հեղինակ է»:
Ի պատասխան ՀՀԿ-ականը հարցի մեջ հեգնանք նկատեց ու հավելեց, որ երգեր գրում է, նույնիսկ մի քանիսը դեռ չեն հրապարակվել:
«Իսկ թե ՀՀԿ քարոզարշավի երգը ես կգրեմ, թե չէ՝ չեմ մտածել երբեք այդ ուղղությամբ: Եթե զգացի, որ կարող եմ, կանեմ: Ի վերջո, մուսա պետք է գա, եթե այդպիսի ստեղծագործական զարկերակ զգացի, գուցե մի տարբերակ ներկայացնեմ», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան